Սույն թվականի ապրիլի 6-ից «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի սաները, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր աջակցությամբ, «Երևան իմ սեր» հիմնադրամի շենքում շաբաթական մեկ օր մասնակցում են «Արև-երեխաներ» ՀԿ-ի կողմից կազմակերպած հատուկ մանկավարժի խմբային պարապմունքներին:
Մայիսի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ՀԿ-ի նախագահ Ռուզան Թամրազյանը և ատենապետ Լիլիթ Հայրապետյանը ծրագրին մասնակից հատուկ մանկավարժների հետ ամփոփեցին իրենց մեկամսյա աշխատանքային գործունեությունը: Խմբային թերապիայի համար նախատեսված ծրագրի համաձայն՝ հատուկ մանկավարժները երեք տարիքային խմբերի համար իրականացրել են վեց խմբային աշխատանք, որի ժամանակ կիրառվել են AFFOLTER մեթոդը, տարրեր ABA մեթոդիկայից, կատարվել են շտկողական աշխատանքներ երաժշտության միջոցով, իրականացվել է խաղային թերապիա: Ծրագիրը, ինչպես նշեցին հատուկ մանկավարժները, միտված էր հետևյալ ոլորտների՝ սոցիալական փոխհարաբերությունների, ինքնասպասարկման և հաղորդակցման հմտությունների, իմացական ոլորտի, մանր ու խոշոր մոտորիկայի և խոսքի ընկալման զարգացմանը: Ամենշաբաթյա դիտարկումների և գրանցումների արդյունքում նրանք երեխաների մոտ վերը նշված ոլորտներում նկատել են դրական փոփոխություններ. լիարժեք կերպով ձևավորվել է խմբային ստրուկտուրան, կարգավորվել է երեխաների վարքը: Քննարկվեց նաև աշխատանքում առկա դժվարությունները և մշակվեց աշխատանքային պլան հետագա գործունեության համար: Հանդիպման ընթացքում Ռուզան Թամրազյանը հանդես եկավ նոր աշխատանքային նյութեր գործածելու առաջարկով, իսկ ՀԿ-ի ատենապետ Լիլիթ Հայրապետյանը կարևորեց նախադպրոցական տարիքային խմբի համար նախակրթական մեթոդների ընդլայնումը: Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց մանկավարժներին նվիրյալ գործունեության համար՝ մաղթելով աշխատանքային նորանոր հաջողություններ:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։