Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Արև-երեխաներ» ՀԿ-ի հաշվետու-ամփոփիչ ժողովը

«Արև-երեխաներ» ՀԿ-ի հաշվետու-ամփոփիչ ժողովը

Հունիս ամսից մեկնարկեց «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության «Դաունի համախտանիշով երեխաների զարգացման կենտրոն» վեցամսյա ծրագիրը, որն իրականացվում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամների համատեղ աջակցությամբ: Ինչպես նշեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ծրագիրը նպատակ ունի նպաստելու Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացմանն ու սոցիալական միջավայրում հարմարվելու հմտությունների մշակմանը, կարողությունների և հնարավորությունների խթանմանը, նրանց կյանքի որակի բարելավմանը՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս դառնալու հասարակության լիարժեք անդամ: Տեր Հայրը նշեց, որ ծրագրի իրականացման ընթացքում ամեն ամիս հաշվետու ժողովներ կանցկացվեն՝ ամփոփելու համար մեկամսյա աշխատանքային գործունեությունը:

Առաջին ամփոփիչ-հաշվետու ժողովը կայացավ հունիսի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում: Ժողովի ընթացքում «Արև-երեխաներ» ՀԿ-ի աշխատակիցները՝ հատուկ հոգեբանն ու մանկավարժները, լոգոպեդը և Արևի թատրոնի գեղարվեստական ղեկավարը ներկայացրեցին իրենց մեկամսյա գործունեությունը, առաջընթացները, նաև առկա խնդիները: Խմբային աշխատանքների առավել արդյունավետությունն ապահովելու նպատակով որոշվեց որոշակի փոփոխություններ կատարել: ՀԿ-ի հատուկ հոգեբանի անհատական և խմբային հոգեբանական աշխատանքի արդյունքում մոտ երեսուն ծնող և ընտանիքի անդամներ հաղթահարել են ծանր սթրեսային հոգեվիճակը և ավելացվել է իրազեկվածությունը Դաունի համախտանիշով երեխաների խնամքի իրականացման և զարգացման ապահովման հարցում: «Արև-երեխաներ» ՀԿ-ի աշխատակիցներին ներկայացվեցին, թե ծրագրի ավարտին ինչ ակնկալիքներ են սպասվում իրենցից երեխաների հետ խմբային աշխատանքների արդյունքում. մտավոր և սոցիալական կարողությունների փոփոխություն, հաղորդակցման հմտությունների, սոցիալական շփման, իմացական և ինքնասպասարկման ոլորտների զարգացում, խոսքի բարելավում, թատերական խմբակի դասընթացների միջոցով իրենց մարմնին և խոսքին տիրապետելու հմտություն:

«Արև-երեխաներ» ՀԿ-ի նախագահ Ռուզան Թամրազյանը նշեց, որ ծրագրի սկզբում վերականգնողաբանների կողմից կատարվել է երեխաների դինամիկ զարգացման գնահատում, ինչը կիրականացվի նաև ծրագրի ավարտին: Ամփոփիչ-հաշվետու ժողովին քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր:

 

Կարինե Սուգիկյան