Նոյեմբերի 21-ին Երևանի «Փարիզ» հյուրանոցում «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի աջակցությամբ և համագործակցությամբ տեղի ունեցավ «Դաունի համախտանիշ ունեցող երեխաների օրոֆացիալ կարգավորումը. Կաստիլյո Մորալեսի հայեցակարգը և միոֆունկցիոնալ մոտեցումները» խորագրով մասնագիտական սեմինար։
Սեմինարի հեղինակն ու վարողը Սամարայի «Բիոդենտ» կլինիկայի օրթոդոնտիկ բաժանմունքի ղեկավար, օրթոդոնտիայի ոլորտում 19 տարվա, իսկ միոֆունկցիոնալ օրթոդոնտիայի ոլորտում 12 տարվա մասնագիտական փորձ ունեցող բժիշկ-օրթոդոնտ Աննա Իվանովնա Մելնիկովան էր։
Սեմինարին մասնակցում էին լոգոպեդներ, օրթոդոնտներ, ստոմատոլոգներ, մանկաբույժներ, նյարդաբաններ և վերականգնողական ոլորտի այլ մասնագետներ։
Հանդիպման ընթացքում Աննա Մելնիկովան ներկայացրեց ոլորտում կիրառվող ժամանակակից մասնագիտական մոտեցումները, կիսվեց իր փորձով՝ անդրադառնալով դրանց գործնական կիրառման հնարավորություններին և առանձնահատկություններին։ Սեմինարի հիմնական թեմաներից էին Դաունի համախտանիշ ունեցող երեխաների անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, Կաստիլյո Մորալեսի հայեցակարգը, քմային թիթեղի (Placa Palatina de Memoria) կիրառման հնարավորությունները, ինչպես նաև մկանային հիպոտոնուսի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունները։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց միջդիսցիպլինար համագործակցության կարևորությանը՝ ընդգծելով օրթոդոնտների, լոգոպեդների, մանկաբույժների, նյարդաբանների և վերականգնողական ոլորտի մասնագետների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։ Քննարկվեցին նաև կլինիկական դեպքեր, մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց մասնագիտական հարցերը, որոնց շուրջ ծավալվեցին բովանդակալից քննարկումներ և փորձի փոխանակում։
Նոյեմբերի 22–23-ին սեմինարը շարունակվեց գործնական փուլով։ Այդ օրերին մասնագետները «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաների համար կատարեցին բերանի խոռոչի անհատական չափումներ՝ քմային թիթեղների (Placa Palatina de Memoria) պատրաստման նպատակով։ Գործնական աշխատանքներում ներգրավված էին նաև երեխաների ծնողները։ Նրանց ցուցադրվեց և ուսուցանվեց, թե ինչպես ճիշտ տեղադրել սարքը երեխայի բերանի խոռոչում, ինչպես օգտագործել այն և որքան ժամանակ պահել՝ առաջնորդվելով մասնագետի անհատական ցուցումներով։
«Արև-երեխաներ» ՀԿ-ն կարևորում է Հայաստանում նման մասնագիտական նախաձեռնությունների իրականացումը, որոնք նպաստում են մասնագետների գիտելիքների խորացմանը, փորձի փոխանակմանը և Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։
Կարինե Սուգիկյան

Մեկնաբանությունները անջատված են։