Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արև երեխաներ. Խնամված սերմը միշտ պտուղ է տալիս

Արև երեխաներ. Խնամված սերմը միշտ պտուղ է տալիս

Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կայացավ «Մի արևի պատմություն» սոցիալական տեսահոլովակի պրեմերիան: Երեկոյին համերգային ծրագրով հանդես եկան Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը: Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի կողմից կազմակերպված բարեգործական համերգին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ Աժ պատգամավոր, վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, ՄԱԿ-ի տարբեր գրասենյակների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր:

Համերգը սկսվեց Տերունական աղոթքով և Նավասարդ Սրբազանի օրհնությամբ: Ողջունելով ներկաներին՝ Սրբազան Հայրը միջոցառման մասնակիցներին փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը և ավետարանական հետևյալ մեջբերումով անդրադարձավ օրվա խորհրդին. «Որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք,․․․ հիվանդ էի, և ինձ խնամեցիք․․․» (Մատթեոս ԻԵ 35-36):

Սիրելինե՛ր,

Ավետարանական այս հատվածը կարելի է կոչել «Ավետարան Ավետարանի մեջ», քանզի այն քրիստոնեական սիրո հռչակագիրն է: Այս կերպ ուղենշեց և սովորեցրեց Հիսուս Իր աշակերտներին հավիտենական կյանքի ճանապարհը և Երկնային Հոր զավակներ դառնալու կերպը: Սերն է միության կապը և զորության աղբյուրը:  Ի՞նչը կարելի է համարել առավել մեծ եղբայրասիրություն, եթե ոչ քրիստոնյաների միաբանական ծառայասիրությունը:

Այսօր Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրն է: Այս առիթով պիտի ասել, որ օրհնյալ և արդյունավետ է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի և՛ գոյությունը, և՛ գործունեությունը: Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը  և կենտրոնի ծառայակիցները հույսի նվիրատուներ են: Նրանք նախանձախնդրորեն հանձնառու եղան և են արև-երեխաների հոգածության սուրբ գործին, որը «Սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթեոս ԻԲ 39) տերունական պատգամի վկայությունն է  և  քրիստոնեական սիրո լրումը: Նրանց ջանասիրությամբ և անանձնական նվիրումով, ինչպես նաև սիրելի բարերարների աջակցությամբ  մեր արև-երեխաներն իրենց երբեք անտեսված չեն զգում:

Եկե՛ք աղոթենք միասնաբար և Աստծո զորությամբ միշտ կարողանանք հաղթանակած դուրս գալ ամեն տեսակի դժվարությունների և փորձությունների ոլորաններից: Ամեն»:

Այնուհետև հանդիսատեսը դիտեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Ակունք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նկարահանված «Մի արևի պատմություն» սոցիալական տեսահոլովակը, որ վեր էր հանում ներառական կրթությանը վերաբերող խնդիրների լուծման հնարավոր տարբերակներից մեկը՝ մատնանշելով այն գաղափարը, որ խնամված սերմը միշտ պտուղ է տալիս:

Երեկոն վարող Նազենի Հովհաննիսյանն անդրադարձ կատարեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի հնգամյա գործունեությանը՝ նշելով, որ ՀԿ-ն տարածաշրջանի միակ կազմակերպությունը լինելով՝ նպաստում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, բուժման որակի բարձրացմանը և նրանց ընդհանուր կարիքների բավարարմանը:

Համերգային ծրագրի ընթացքում Գարիկն ու Սոնան հանդես եկան հին ու նոր հայկական ժողովրդական երգերի վերամշակված տարբերակներով, ինչը ոգևորել էր հանդիսատեսին, առավել ևս՝ արև երեխաներին:

Երեկոյի ընթացքում առանձնահատուկ երախտիքի խոսքեր հղվեցին Ամենայն Հայոց Հայրապետին, ում օրհնությամբ հատկացված կենտրոնում արև երեխաներն իրենց մասնագիտական ծառայություններն են ստանում, Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին՝ օրհնության և մասնավոր ուշադրության համար, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին՝ «Արև-երեխաներ» ՀԿ-ի գործունեությանն ուղղված մեծ աջակցության համար, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամին, որ արդեն մի քանի տարի է, ինչ աջակցում է ՀԿ-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին՝ «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնին Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում նոր ներկայացմամբ հանդես գալու հնարավորությունն ընձեռելու համար, Happy Event-ի հիմնադիր Գեորգի Հակոբյանին՝ հնչյունային տեխնիկան ապահովելու համար, հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին,  Գարիկ Պապոյանին ու Սոնա Ռուբենյանին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին և արև երեխաների բոլոր հավատարիմ ընկերներին ու բարեկամներին:

Բարեգործական համերգի բոլոր աջակիցներն ու մասնակիցներն իրենց լավագույն նվերը մատուցեցին Դաունի համախտանիշով մարդկանց: Երեկոյին ներկա գտնվողները հնավորություն ունեցան ծանոթանալու նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամ Տաթև Պետրոսյանի կողմից գրված «Հանդիպում» գրքին, որ պատմում է արև երեխայի փխրուն ու նուրբ ներաշխարհի մասին՝ իր կարևոր ուղերձն ուղղելով բոլորին՝ հասկանալ, սիրել և ընդունել արևներին՝ նկատելով նրանց մեջ թաքնված բազում հնարավորություններն ու տաղանդները:

Դաունի համախտանիշով երեխաների կրթությանն ու առողջությանն ուղղված ամեն մի կրթական և զարգացնող ծրագիր, առողջապահական խնամք, ընտանիքի և հասարակության կողմից ցուցաբերած ուշադրություն ու աջակցություն նպաստում են, որ արև երեխաներն ինտեգրվեն հասարակությանը, ապրեն լիարժեք կյանքով և զարգացնեն իրենց ներուժը:

 

Կարինե Սուգիկյան