Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արև երեխաների ամանորյա հեքիաթը

Արև երեխաների ամանորյա հեքիաթը

Դեկտեմբերի 28-ին «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում «Արև-երեխաներ» ՀԿ-ի 75 սաներ մասնակցեցին ամանորյա ուրախ ցերեկույթի՝ ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան և “Спеши к добру” բարեգործական հիմնադրամների աջակցությամբ: Ցերեկույթը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Տերունական աղոթք»-ով սկսվեց: Տեր Հայրը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի անունից ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ և օրհնություն փոխանցեց արև երեխաներին և նրանց ծնողներին: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախագահ Ռուզան Թամրազյանին, ատենապետ Լիլիթ Հայրապետյանին՝ անձնվեր աշխատանքի համար և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան և “Спеши к добру” հիմնադրամներին, որոնց շնորհիվ արևները կունենան ուրախ և անակնկալներով լի տոնական օր:

Հյուրասիրությունից հետո արև երեխաները հայտնվեցին երգ ու պարի, կրկեսային համարների հետաքրքիր աշխարհում: Ուրախ խաղերն ու պարեղանակները հաջորդում էին մեկը մյուսին: Տրանսֆորմեր բամբլին, մուլտհերոսներ Մինի Մաուզը, Մաշան, Արջուկը և Պարեկ շունիկը ջանք չէին խնայում արևներին անմոռանալի օր պարգևելու համար, իսկ Լոլիկ ու Բոլիկ ծաղրածուներն իրենց յուրօրինակ խաղերով ու հնարքներով զարմացնում ու հիացնում էին նրանց: Երգ ու պար սիրող արևներին միացել էին նաև իրենց ծնողները: Արևների ուրախությունը կրկնապատկվեց, երբ ժամանեցին Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:

Հաջորդ ուրախ անակնկալն արևներին մատուցեցին հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը և երգչուհի Սոֆի Մխեյանը. Սանտա Կլաուսի, Ձյունանուշի ու Big boss-ի գույնզգույն փուչիկներով ուրախ մուտքը սրահ նոր ոգևորություն, ուրախություն ու ժպիտ պարգևեց արևներին: Մոտ երեք ժամ սրահում թևածում էր խինդ ու ծիծաղը, բարձր տրամադրությունը, որը հասավ իր գագաթնակետին, երբ Ձմեռ Պապն արևներին փոխանցեց նվերներ, որ իրենք էին խնդրել նամակով Ձմեռ Պապից: Մոսկվայում գործող “Спеши к добру” բարեգործական հիմնադրամը շտապել էր պատասխանել արևների նամակներին՝ իրականություն դարձնելով նրանց երազանքները:

Արևներից Գոռը Ձմեռ Պապիկից որևէ նյութական նվեր չէր խնդրել, այլ իր մայրիկի միջոցով Ձմեռ Պապիկից նամակով խնդրել էր իրականացնել իր այս երազանքը. «Ես փոքրիկ Գոռն եմ, այս Ամանորին կդառնամ երկու տարեկան, բայց դեռ ո՛չ խոսել գիտեմ, ո՛չ քայլել, այդ պատճառով ուզում եմ, որ ինձ և իմ նման բոլոր արևներին ապահովես անհրաժեշտ մասնագետներով, որ հաջորդ տարի, երբ դու գաս, ես վազքով քեզ մոտենամ և բանաստեղծություններ արտասանեմ քեզ համար»: Նշենք, որ Գոռի երազանքը Ձմեռ Պապը ևս իրականացրել է. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երևան քաղաքում «Արև երեխաներ» ՀԿ-ին տրամադրել է կենտրոն, որ նպաստելու է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը:

Տոնական օրն առավել տոնական էր արև Տիգրանի համար, նա արևների հետ միասին նշեց իր ծննդյան 25-ամյակը: Նշենք, որ այս տարիների ընթացքում Տիգրանը մեծ հաջողությունների է հասել. նա Հատուկ Օլիմպիադայի աշխարհի խաղերի լողի երկակի չեմպիոն է և առաջին արև ուսանողը: Այս տարի նա ընդունվել է ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի օլիգոֆրենոմանկավարժության հեռակա ուսուցման բաժին:

Տոնական միջոցառման անակնկալները շարունակվում էին. Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան դհոլահարների դասարանի սաներն արևներին ևս նվերներ էին ուղարկել: Սիրո, ուրախության և ջերմ մթնոլորտում ավարտվեց արևների անակնկալներով լի ամանորյա տոնական միջոցառումը:

Կարինե Սուգիկյան