Մարտի 21-ին աշխարհի տարբեր երկրներում տարբեր լեզուներով հնչում է «արևներ» բառը: Այս օրը աշխարհը նշում է Դաունի համախտանիշով մարդկանց՝ արևների միջազգային օրը: Օրվա կապակցությամբ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հանդես եկավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան): Ներկաները նախ մասնակցեցին Խաղաղական ժամերգությանը, ապա «Արևային զանգակներ»-ի կատարմամբ ունկնդրեցին հոգեպարար հոգևոր երաժշտություն: Համերգին ներկա էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Մինչ «Արևային զանգակներ» համույթի ելույթը Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանին հյուրընկալության համար և ասաց. «Այս տարվա մեր կարգախոսն է՝ «Լինենք միասին», եթե լինենք միասին, հեշտությամբ կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրներն ու դժվարությունները: Արև երեխաների և նրանց ընտանիքների համար ամենակարևոր աջակցությունն ընդունելությունն է, հավասարը հավասարի պես հաղորդակցվելը և հարգանքը, քանի որ ոչինչ այնքան ցավալի չէ, որքան մեկուսացումն ու օտարումը։ Այս տարի արևների կոչն է մեր հանրությանը՝ լինենք միասին, իսկ իրենց նվիրված միջազգային օրն այս տարի կնշենք աղոթքով և հոգևոր երաժշտությամբ»:
Ներկաները վայելեցին հայ հոգևոր երաժշտությունը, որ ավելի քաղցրահնչուն էր դարձել «Արևային զանգակներ»-ի կատարմամբ: Ելույթի ավարտին արևներին շնորհավորեց և իր խոսքը ներկաներին ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը. «Հաճելի էր ներկա գտնվել արևների ելույթին, քանի որ այստեղ շատ սեր կար, իսկ կյանքում շատ կարևոր է, որ մեկս մյուսին սեր փոխանցենք: Չգիտես ինչու մեր միջավայրն առանձնացնում է մի խումբ մարդկանց՝ համարելով նրանց առանձնահատկություն ունեցող, այնինչ իրականում բոլորս ունենք առանձնահատկություններ, պարզապես պետք է ունակ լինենք, դիմացինի առանձնահատկությունն ընդունելով, համերաշխ միջավայրում ապրել և սիրել միմյանց: Մենք կոչված ենք մեր ամենօրյա վարքագծով հենց այդպիսի միջավայր ձևավորել»: Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին՝ անչափ կարևոր և անգնահատելի աշխատանքի համար՝ վստահեցնելով, որ ապագայում «Արև-երեխաներ» ՀԿ-ի հետ կարևոր ձեռնարկներ կունենան: Արև երեխաները նրա կողմից ստացան հուշանվերներ:
Լինենք արևների կողքին և նրանցից կյանքի կարևոր դասեր քաղենք. առողջական խնդիրներով հանդերձ՝ նրանք կենսուրախ են, երբեք չեն հանձնվում, նրանք այլ կերպ են նայում կյանքին, նրանց կյանքում արևը շողում է ամեն օր, նրանց ջերմացնող ժպիտներն ու առանձնահատուկ սերը պարուրում է բոլորին: Նրանք պարզապես չեն կոչվում արև, նրանք լուսավորում են իրենց շրջապատող մարդկանց:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։