Մայիսի 17-ին «Արև երեխաներ» ՀԿ-ի սաներն ու նրանց ծնողները, ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և հատուկ հոգեբան, մանկավարժ, վարքային թերապիստ Աննա Գևորգյանի ուղեկցությամբ, այցելեցին Աշտարակի հյուսիս-արևելյան բարձրադիր մասում գտնվող Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցի (7-րդ դ.), ապա «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի տուն: Արևները, Տեր Գրիգորի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին, ծանոթացան եկեղեցու պատմությանը: Այնուհետև շոկոլադի տան ցուցասրահում երեխաները ծանոթացան շոկոլադի ստեղծման պատմությանը, իրենց ձեռքով փաթեթավորեցին թարմ պատրաստված շոկոլադը և համտեսեցին:
Շրջագայությանը մասնակցում էին հատուկ հոգեբան, մանկավարժ Աննա Գևորգյանի հեռավար դասընթացներին մասնակից ավագ և միջին տարիքային խմբերի սաները: Նա նշեց, որ արևների «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի տուն այցելությունը կարևոր նպատակ էր հետապնդում. «Մեր ծրագրերից մեկը արև երեխաներին շրգայություններին մասնակից դարձնելն է, որպեսզի նրանք ծանոթանալով շրջակա միջավայրին՝ ինտեգրվեն հասարակությանը: Մինչ այդ արևները հեռավար դասընթացների միջոցով ծանոթացել էին շոկոլադի ծագման պատմությանը, իսկ շոկոլադի տուն այցով ծանոթացան, թե ինչպես է գործնականում պատրաստվում շոկոլադը»:
Արև երեխաների հետաքրքիր, բովանդակային և ուսուցողական օրը եզրափակվեց «Վանա լիճ ռեզորտ» ռեստորանային համալիրում սիրո ճաշով և ուրախ ժամանցով:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։