Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կայացավ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-գենետիկ Գոհար Շահսուվարյանի հեղինակած գեղանկարների ցուցահանդես-վաճառքը, որի ողջ հասույթը (230 000 դրամ) տրամադրվեց «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ին: Հրավիրյալների թվում էին «Արև-երեխաներ» ՀԿ-ի ատենապետներ՝ Ռուզան Թամրազյանն ու Լիլիթ Հայրապետյանը, և արև երեխաների ծնողներ: «Արևածագ» խորագիրը կրող ցուցադրությունից բարություն, ջերմություն և լավատեսություն էր ճառագում: Հարուստ ներկապնակով հագեցած բնանկարներն ու նատյուրմորտները գերել էին այցելուներին իրենց նրբությամբ և մարդկային հոգու հետ երկխոսելու բացառիկությամբ: Ցուցադրության ընթացքում հնչեցին նաև բժշկուհու հեղինակած բանաստեղծությունները:
Գոհար Շահսուվարյանը նշեց, որ բավական չէ ամեն տարի՝ մարտի 21-ին, անդրադառնալ Դաունի համախտանիշ ունեցողներին, որ անհրաժեշտ է սիրել ու հարգել նրանց, այլ խոսելու փոխարեն անհրաժեշտ է հօգուտ նրանց գործել. «Այն մարդը, որ ինչ-որ բան է վերցնում, լցնում է ափերը, իսկ նա, ով տալիս է, լցնում է սիրտն ու հոգին: Փորձեցինք այնպես անել, որ բոլոր ներկաները իրենց սիրտն ու հոգին լցնեն սիրով և բարությամբ՝ իրենց լուման ներդնելով հօգուտ արևների»:
Ցուցադրությունը հանրությանն ուղղված հետևյալ ուղերձներն ուներ՝ ճանաչենք արև երեխաներին, կոտրենք նրանց նկատմամբ եղած կարծրատիպերը, գնահատենք նրանց ներուժը և նպաստենք հանրության մեջ նրանց լիարժեք ինտեգրմանը:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։