Սեպտեմբերի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ հագեցած մշակութային իրադարձություն․ «Արևային զանգակներ» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան) հանդես եկավ համերգային ծրագրով: Միջոցառումը կազմակերպվել էր ICTMD-ի՝ «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումի շրջանակում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ անցկացվող միջազգային սիմպոզիումի կազմակերպիչներն էին ICTMD (International Council for Traditions of Music and Dance), ՀՀ ԳԱԱ-ն և Արվեստի ինստիտուտը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Կայթ մշակութային հանգույցի» հետ համագործակցությամբ։
Համերգային երեկոյի ընթացքում «Արևային զանգակներ» համույթի կատարմամբ հնչեցին դասական երաժշտության ստեղծագործություններ՝ ունկնդիրներին փոխանցելով երաժշտության նրբությունն ու հնչերանգային բազմազանությունը։ Համույթի կատարումները առանձնացան երաժշտական արտահայտչականությամբ և ջերմությամբ՝ ստեղծելով հանդիսավոր մթնոլորտ։ Համույթի հետ ելույթ ունեցան Հայկուհի Հակոբյանը՝ ֆլեյտա, և Թերեզա Ոսկանյանը՝ երգեհոն։ Երաժշտական երեկոն հնարավորություն ընձեռեց ներկաներին ոչ միայն վայելելու դասական երաժշտության գեղեցկությունը, այլև հաղորդակցվելու կենդանի կատարողական արվեստի հետ։ Երեկոն դարձավ երաժշտական մշակույթների երկխոսության և մասնագիտական համագործակցության ևս մեկ գեղեցիկ դրսևորում՝ մեկ հարկի ներքո համախմբելով երաժշտության, արվեստի և գիտության ոլորտների ներկայացուցիչների ու երաժշտասերների։
Կարինե Սուգիկյան

Մեկնաբանությունները անջատված են։