Մայիսի 21-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ»-ը, «Թանգարանային գիշեր» մշակութային միջոցառման շրջանակներում, ՀԿ-ի հիմնադիր Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի, գեղարվեստական ղեկավար Մանուշ Հարությունյանի և ծնողների ուղեկցությամբ, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի անվան թանգարան: «Արևային զանգակներ»-ի այցը թանգարան կարևոր նպատակ էր հետապնդում. նպաստել արևների ինտեգրմանը հասարակական կյանքին՝ ներգրավվելով և հաղորդ դարձնելով նրանց մշակութային կյանքին ու ժառանգությանը: Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը ողջունեց «Արևային զանգակներ»-ին՝ նրանց փոխանցելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: Այնուհետև Տեր Գրիգորը թանգարանի այցելուներին ներկայացրեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի գործունեությունը՝ իր շնորհակալական խոսքը հղելով Ամենայն Հայոց Հայրապետին, ում օրհնությամբ հատկացված կենտրոնում արև երեխաներն իրենց մասնագիտական ծառայություններն են ստանում: Տեր Հայրն անդրադարձավ նաև «Արևային զանգակներ»-ի երկամյա գործունեությանը, թե ինչպես արևներին երաժշտական թերապիա անցկացնելու մտահղացումից ծնվեց «Արևային զանգակներ» երաժշտական թերապիայի խմբակ ստեղծելու միտքը, երբ արևներն իրենց լավագույն բարեկամ Կարեն Վարդանյանի կողմից նվեր ստացան պրոֆեսիոնալ զանգակներ:
Ռուբեն Սևակի անվան թանգարանում «Արևային զանգակներ»-ը ոչ միայն ծանոթացան թանգարանի արժեքավոր հավաքածուին, այլ հանդես եկան համերգային ծրագրով՝ երաժշտական երեկո նվիրելով ներկաներին: Նրանք հնչեցրին Ս. Մեսրոպ Մաշտոցի «Բազում են Քո գթութիւնքդ» և Ս. Ներսես Շնորհալու «Առավոտ լուսոյ» շարականները, Կոմիտասի հոգևոր ու աշխարհիկ կատարումները: Ներկաները վայելեցին «Արևային զանգակներ»-ի կողմից մատուցած հաջորդ անակնկալը. նրանց նվագակցությամբ խմբի գեղարվեստական ղեկավար Մանուշ Հարությունյանը կատարեց Կոմիտասի «Օրորը»:
Հաճելի և յուրօրինակ երեկոն «Արևային զանգակներ»-ը եզրափակեցին Մաչանենց տանը, ուր նրանց համար պատրաստվել էր հյուրասիրություն: Նշենք, որ թանգարանային տոնն «Արևային զանգակներ»-ի համար տոնի էին վերածել Էջմիածին քաղաքի ԷԼԻՏ Շինանյութ-Ասլանյաններ ՍՊԸ-ի աշխատակիցները՝ տնօրենի՝ Հարություն Ասլանյանի գլխավորությամբ:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։