Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Արևային զանգակներ»-ի ելույթը «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական-արտ փառատոնին

«Արևային զանգակներ»-ի ելույթը «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական-արտ փառատոնին

Սեպտեմբերի 10-ին «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական-արտ փառատոնի հատուկ հրավերով «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակները» Գաֆէսճան արվեստի կենտրոնի տարածքում մասնակցեցին փառատոնի փակման գալա համերգին: «Կողք կողքի» կրթամշակութային ՀԿ-ի կողմից կազմակերպած փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել անվանի երաժիշտներ և երգիչներ, որոնց հետ կողք կողքի հանդես եկան  զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաներ:
Փառատոնին ներկա գտնվողները վայելեցին նաև «Արևային զանգակներ»-ի ջերմ ու արևային կատարումը. նրանց նվագակցությամբ խմբի գեղարվեստական ղեկավար Մանուշ Հարությունյանը կատարեց Կոմիտասի «Օրորը»: Մինչ ելույթը ուրախ արևները մյուս մասնակիցներին ոգևորում էին իրենց ծափահարություններով և պարով: Թե՛ արևների և թե՛ մյուս մասնակիցների շողարձակող ժպիտն ու երջանկությունից փայլող աչքերը վկայում էին, որ իրենք մի հարթակում են, ուր գնահատվել է իրենց ներուժը և հնարավորություն տրվել այն իրացնելու:
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական-արտ փառատոնը բոլոր մասնակիցների օրը մեծ տոնի վերածեց: Փառատոնը հավասար հնարավորություններ և պայմաններ ստեղծեց մասնակիցների համար և հնարավորություն տվեց բացահայտելու իրենց կարողություններն ու իրականացնելու երազանքները մեկ հարթակում՝ կողք կողքի:

 

Կարինե Սուգիկյան