Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Արևային զանգակներ»-ի մասնակցությունը «Զատկական փառատոն»-ին

«Արևային զանգակներ»-ի մասնակցությունը «Զատկական փառատոն»-ին

Ապրիլի 17-ին «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի հրավերով «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան) մասնակցեց Հայաստանում առաջին անգամ կայացած «Զատկական փառատոն»-ին, որ անցկացվեց Ս. Աննա և Ս. Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում: Փառատոնը կյանքի էր կոչվել «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀԵՀԵՄ գրասենյակի և «Ֆորմիկա Արտ» ընկերության աջակցությամբ: Փառատոնին իրենց ձեռքի աշխատանքներով և համերգային ծրագրով հանդես եկան ԵՀՍԿ ՊՈԱԿ-ի և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաներ: Իսկ նպատակը, որ հետապնդում էր «Զատկական փառատոն»-ը, խոցելի խմբերի երեխաներին մշակութային կյանքին ինտեգրելն էր՝ մշակութային հարթակ ստեղծելով:
«Արևային զանգակներ»-ը հանդես եկան փառատոնի երկրորդ՝ համերգային բաժնում՝ կատարելով Կոմիտասի աշխարհիկ կատարումները: Զատկական ուրախությունն արևներն արտահայտում էին իրենց ջերմ կատարումներով՝ ուրախություն և ջերմություն հաղորդելով ներկաներին: Համերգի ընթացքում երեխաների հետ հանդես եկան նաև սիրված երաժիշտներ, որոնք կրկնապատկեցին երեխաների և ներկաների զատկական ուրախությունը:
«Զատկական փառատոն»-ին կրկին ազդարարվեց Սուրբ Հարության ավետիսը, որ կարծես Տիրոջից խաղաղություն աղերսող ավետիս էր, երջանկահիշատակ Վազգեն Ա հայրապետի խոսքով ասված՝ թող Սուրբ Հարության ավետիսով հնչի ձայնը խաղաղության, թող համայն աշխարհի վրա հաղթական շողա խաղաղության ոգին և ամրապես հաստատվի մարդկանց ու ժողովուրդների հոգիներից ներս: Թող լռեն պատերազմները բոլոր, թող խորտակվեն մահվան գործիքները, իսպառ չքանան անարդարությունները, թող փարատվի հոգիների մեգը և թող ազատ լույս աշխարհ գա նոր մարդը լուսո, մարդը արդարության և խաղաղության:

 

Կարինե Սուգիկյան