Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Արևային զանգակներ»-ի շնորհավորական ելույթը «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգին

«Արևային զանգակներ»-ի շնորհավորական ելույթը «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգին

Նոյեմբերի 5-ին Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիկան թատրոնում «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ» համույթն իր շնորհավորական ելույթով հանդես եկավ «Փարոս» կամերային երգչախմբի հիմնադրման հոբելյանական՝ 30-ամյակին նվիրված համերգին, որ կայացավ՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հաշմանդություն ունեցող մեր հայրենակիցների: «Արևային զանգակներ»-ը հերթական անգամ պրոֆեսիոնալ բեմում էին և միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» ներառական երգչախմբի (գեղ. ղեկ.` Րաֆֆի Միքայէլեան) հետ համատեղ կատարեցին Կոմիտասի «Կաքավիկ» և «Շողեր ջան» կատարումները: «Արևային զանգակներ»-ի ջերմ կատարումները ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից:

Հոբելյանական համերգի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Վահան քահանա Առաքելյանը «Փարոս» երգչախմբին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունն ու շնորհավորանքը. «Հրաշալի ու փառահեղ մի ճանապարհ եք անցել, որի ընթացքում բազմաթիվ դժվարություններ, արժանապատվորեն և սիրով կրելով, հաղթահարել եք՝ բոլորիս և ողջ աշխարհին ցույց տալով, որ կարող եք: Փառք Տիրոջը, որ ունենք այսպիսի հրաշալի մի երգչախումբ, որ իր կատարումներով կարողանում է մարդկանց սրտերը հուզել: «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ»-ի և ընդհանրապես Դաունի համախտանիշ ունեցող երեխաների գործունեության կարգախոսն է՝ մենք կարող ենք: Այդ կարգախոսն իրապես ուժ է տալիս նրանց՝ առաջ շարժվելու և նորանոր ձեռքբերումներ ունենալու: Ձեր անցած ճանապարհով դուք ևս փաստում եք, որ կարող եք, ինչը մեծ ուրախություն է բոլորիս համար: Թող Աստված օրհնի  և առաջնորդի ձեզ և ձեր մտքում այն կարևոր մտածումն ունենաք, որ աստվածային սերը միշտ ձեզ հետ է, որ Աստված պահպանում ու սիրում է  ձեզ»:

«Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը ևս մեկ առիթ էր՝ փաստելու, որ իր տեսակի մեջ  եզակի երգչախումբն ու «Արևային զանգակներ»-ը համառ ջանքերի և կամքի ուժի առկայությամբ կարող են հաղթահարել ապրելու և ստեղծագործելու մի շարք խնդիրներ ու խոչընդոտներ:

 

Կարինե Սուգիկյան