Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Արևային զանգակներ»-ը մասնակցեցին «Կողք կողքի» երաժշտական փառատոնի գալա համերգին

«Արևային զանգակներ»-ը մասնակցեցին «Կողք կողքի» երաժշտական փառատոնի գալա համերգին

Հոկտեմբերի 4-ին «Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնի հատուկ հրավերով «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ»-ը Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում մասնակցեցին փառատոնի գալա համերգին:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ գալա համերգն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների անմար հիշատակը: Այնուհետև Տեր Հայրն, անդրադառնալով փառատոնի կողմից կազմակերպված համերգին, շնորհակալություն հայտնեց «Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնի հիմնադիր-ղեկավար Նաիրա Սարգսյանին և ասաց. «Ինձ համար՝ որպես հոգևորականի և արև երեխայի ծնողի, շատ կարևոր են նման միջոցառումները, ինչի շնորհիվ մի շարք կարծրատիպեր են կոտրվում: Մեր պարտքն է սիրել այս երեխաներին, ընդունել նրանց մյուս երեխաների հետ համահավասար՝ առանց խտրականությունների, գնահատել նրանց ներուժը և ձեռք ձեռքի բռնելով՝ օգնել, որ կայանան հասարակության մեջ: Երեխաները, հանձինս մեզ, պետք է ամուր հենարան ունենան՝ ստանալու համար այն սերն ու հոգածությունը, որ անհրաժեշտ է իրենց՝ առողջ և ներդաշնակ զարգացման համար: Արև երեխաների համար մենք մի կարգախոս ունենք՝ նրանք կարող են, ինչը կարող ենք ապացուցել նրանց հանդեպ ցուցաբերած սիրով լի կյանքով: Երեխաները մեր մի մասնիկն են, նրանք Տիրոջ կողմից ուղարկված հրեշտակներ են, որ մեր խնամքի կարիքն ունեն»:

Գալա համերգին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, և այլ բարձրաստիճան հյուրեր:

«Արևային զանգակներ»-ը, գեղարվեստական ղեկավար, երաժշտական թերապիստ Մանուշ Հարությունյանի գլխավորությամբ, զանգակներով հնչեցրին կոմիտասյան երգերի շարանը՝ «Կաքավիկ», «Շողեր ջան», «Երկինքն ամպել է», «Անձրև եկավ» և «Էս առուն ջուր է գալիս»: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանի բոլոր վերականգնողական կենտրոնները: Դահլիճը լուսավորվել ու ջերմացել էր տարբեր զարգացման առանձնահատկություններ և երաժշտական ունակություն ունեցող երեխաների անկեղծ ու անմիջական ելույթից: Փառատոնը տարբերվում է իր ձևաչափով, քանի որ բացի երեխաներից ներգրավված էին նաև տարբեր անվանի երաժիշտներ:

Գալա համերգի ավարտին, ի թիվս մյուս վերականգնողական կենտրոնների, «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ» երաժշտական թերապիայի խմբակը ևս արժանացավ շնորհակալագրի:

 

Կարինե Սուգիկյան