Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Արևի» թատրոնի սաները դիտեցին «Մուֆասա։ Առյուծ Արքան» մուլտֆիլմը

«Արևի» թատրոնի սաները դիտեցին «Մուֆասա։ Առյուծ Արքան» մուլտֆիլմը

Դեկտեմբերի 22-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնի սաներն ու նրանց ծնողները թատրոնի
գեղավեստական ղեկավար Արևիկ Յայլոյանի հետ միասին,  «Արվեստը՝ զարգացման ուղի» ծրագրի շրջանակում,
Դալմա Գարդեն մոլի «Սինեմա Սթար» կինոթատրոնում դիտեցին «Մուֆասա։ Առյուծ Արքան» մուլտֆիլմի
պրեմերիան, որ «Առյուծ Արքա» մուլտֆիլմի փրիքվելն է:
Թատրոնի սաները նախապես դիտել էին «Առյուծ Արքա» մուլտֆիլմը՝ ծանոթանալով աֆրիկական սավաննայում
տեղի ունեցած նշանակալի իրադարձությանը. տեղի բնակիչները տոնում էին իրենց արքա Մուֆասի որդու
ծնունդը, ում կոչել են Սիմբա: Երբ հայրը փոքրիկ առյուծին պատմում էր նրա ապագայի մասին՝ բացատրելով, որ
նա պետք է հավասարակշռություն պահպանի բնության աշխարհում, նրա մոտ մեծ ցանկություն է առաջանում հոր
նման մեծագույն և արդար թագավոր լինել, բայց թագավորությունում ոչ բոլորն են ուրախ՝ ժառանգորդի
հայտնվելու առթիվ։ Սպին՝ Մուֆասի հաշվենկատ և նախանձ եղբայրը, արդեն ստոր ծրագրեր է իրականացնում
գահը գրավելու համար:
Թատրոնի գեղավեստական ղեկավար Արևիկ Յայլոյանը նշեց, որ «Առյուծ Արքա» մուլտֆիլմի դիտումով
երեխաներն առնչվեցին կարևորագույն հարցերին՝ հասունությանը, նախանձին և բարությանը, ծնող երեխա
փոխհարաբերություններին, պատասխանատվությանը և սխալը տեսնելու կարողությանը: «Երկու մուլտֆիլմերի
դիտումը հնարավորություն կտա մեր սաներին՝ մասնակցելու վերլուծական աշխատանքին և քննարկմանը, ինչը
հերթական անգամ որպես խթան կհանդիսանա զարգացնելու նրանց քննադատական միտքը, էմոցիոնալ ինտելեկտն
ու վերլուծողական կարողությունները: Իսկ կինոթատրոնում ֆիլմի դիտումները նպաստում են, որ երեխաները
հանրության մեջ ինտեգրվեն, ճիշտ վարքաձև դրսևորեն, հանրային կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերեն
և նոր փորձառության ձեռք բերեն»,- ասաց Արևիկ Յայլոյանը:
Երկու ժամ տևողությամբ մուլտֆիլմը արևները դիտեցին մեծ հետաքրքրությամբ, որից հետո նրանց փոխանցվեց
ամանորյա նվերներ:

Կարինե Սուգիկյան