Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևների արևային մյուզիքլը

Արևների արևային մյուզիքլը

Սեպտեմբերի 19-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնը հանդես եկավ «Բրեմենյան երաժիշտներ» ներկայացում-մյուզիքլով, որն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Մյուզիքլին ներկա էին «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Վիկտորիա Ավակովան, Զորավոր Ս. Աստվածածին և Ս. Երրորդություն եկեղեցիների հոգևոր դասն ու ծխական խորհրդի և համայնքների անդամները, «Արև-երեխաներ» ՀԿ-ի աշխատակիցներն ու արև երեխաների ընկերները և հարազատները:

Նշենք, որ «Արևի» թատրոնն առաջին անգամ էր հանդես գալիս մյուզիքլով, որը մեծ հիացմունք էր պատճառել ներկաներին: Հոգին ջերմացնող, ուրախություն պարգևող և սիրով շաղախված էր արևների արհեստավարժ ու անմիջական դերախաղը, որ «Արևի» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արևիկ Յայլոյանի, արևների և նրանց ծնողների համագործակցաբար աշխատելու հանրագումարն էր: Արևների կատարմամբ մյուզիքլն անկրկնելի էր, նրանք իրենց պայծառ հայացքներով խինդ ու բերկրանք էին հաղորդում հանդիսատեսին, որն արտահայտվեց մյուզիքլի ավարտին՝ բուռն և երկարատև ծափահարություններով:

Մյուզիքլի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նախ իր շնորհակալական խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետին, ում օրհնությամբ հատկացված կենտրոնում արև երեխաներն իրենց մասնագիտական ծառայություններն են ստանում: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին՝ օրհնության և մասնավոր ուշադրության համար, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամին ի մասնավորի տնօրեն Գոհար Գրիգորյանին, ռուսաստանաբնակ բարերար Վահան Գևորգյանին, ով հոգացել էր ներկայացման ողջ ծախսերը, անհատ բարերարներին, Ֆրանկյան և Ավետիսյան ընտանիքներին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանին և եկեղեցու համայնքին, ովքեր «Արև-երեխաներ» ՀԿ-ի գործունեության առաջին իսկ օրվանից իրենց ներդրումն ու աջակցությունն են բերել ու բերում: Այնուհետև Տեր Գրիգորն իր շնորհակալական և շնորհավորանքի խոսքը հղեց արևներին, նրանց ծնողներին, Արևի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արևիկ Յայլոյանին՝ ուրախությամբ և վստահաբար նշելով, որ «Արևի» թատրոնը կայացել է և որ արևներին նոր ու առավել մեծ բեմեր են սպասվում ինչպես հայրենիքում, այնպես էլ նրանից դուրս՝ միջազգային բեմերում:

Ներկաները դահլիճից հեռացան բարձր տրամադրությամբ՝ իրենց հետ տանելով սեր, ջերմություն և ուրախություն: «Արևի» թատրոնը ևս մեկ անգամ հաստատեց, որ արևները կարող են:

 

Կարինե Սուգիկյան