Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևների այցը Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարան

Արևների այցը Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարան

Դեկտեմբերրի 25-ին Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանի հրավերով «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնի և «Արևային զանգակներ»-ի սաները, մանկավարժների ուղեկցությամբ, այցելեցին վարպետի թուն-թանգարան և շրջայց ունեցան: Արևները հյուրընկալվել էին այն տանը, ուր մեծ գրողն ապրել էր իր կյանքի վերջին տասը տարին, նրանք ծանոթացան Ավետիք Իսահակյանի կյանքին, անմահ գրական ժառանգությանն ու անձնական իրերին:

Շրջայցից հետո արևներին հետաքրքիր անակնկալ էր սպասվում. նրանք ամանորյա խաղալիքներ պատրաստեցին, խաղալիքի մեջ հրեշտակ տեղադրեցին և երազանք պահեցին: Խաղալիքները պատրաստելուց հետո արևները բարձրաձայնեցին  իրենց երազանքները, նրանցից մի քանիսը ցանկանում էին, որ երկրում խաղաղություն լինի, որ մանկատներ և ծերանոցներ չլինեն ու իրենց հարազատներն առողջ լինեն: Իրենց երազանքը հիշեցնող խաղալիքները արևներն իրենց տուն էին տանելու և զարդարելու իրենց Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնական ծառերը:

Այնուհետև «Արևային զանգակներ»-ը, գեղարվեստական ղեկավար Մանուշ Հարությունյանի գլխավորությամբ, հնչեցրին Սուրբ Ծննդյան երգեր՝ Սուրբ Ծննդյան ուրախություն պարգևելով ներկաներին: Ելույթի ավարտին ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանն ասաց, որ սպասված հյուրեր էին արևները, որ մեծ ջերմություն և ուրախություն պարգևեցին իրենց և պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ տարի տուն- թանգարանում կազմակերպել արևների նկարչական աշխատանքների ցուցահանդես, որի ընթացքում «Արևային զանգակներ»-ը հանդես կգան համերգային ելույթով: Այնուհետև արևներին ամանորյա նվերներ փոխանցվեցին:

Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո «Արևի» թատրոնի և «Արևային զանգակներ»-ի սաները մեծ գրողի մասին գիտելիքներով հարստացած անմոռանալի մի օր ունեցան:

 

Կարինե Սուգիկյան