Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևների այցը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Արևների այցը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Դեկտեմբերի 4-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի հեռավար դասընթացներին մասնակից միջին և ավագ տարիքային խմբերի սաները, հատուկ հոգեբան, մանկավարժ, վարքային թերապիստ Աննա Գևորգյանի ուղեկցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հրավերով այցելեցին գրադարան՝ մասնակցելով ճանաչողական և ուսուցողական նախագծի: Նախ արևները փոքրիկ շրջայց ունեցան, որի ընթացքում գրադարանի աշխատակիցը ներկայացրեց գրադարանի պատմությունը, բաժինները, ընթերցասրահը, նոր հրատարակություններն ու նկարազարդ մանկական գրքերը: Ծրագրի շրջանակում անցկացվեց հեքիաթի ընթերցանության ժամ, որի ընթացքում գրադարանի աշխատակիցը հարցեր ուղղեց արևներին և միասին մեկնաբանեցին հեքիաթները՝ առանձնացնելով բարոյական պատգամներն ու հերոսների դրական վարքագծերը: Արևներից Սարգիսը ևս հեքիաթ ընթերցեց, որոշները ասմունքեցին:

Արևները եղան նաև երաժշտական սրահում, ուր երաժշտաթերապիստը նրանց ներկայացրեց հայ երգահանների կյանքն ու ստեղծագործությունները, միասին երգեցին Կոմիտասի «Կռուկ»-ն ու «Կաքավիկ»-ը, պարեցին: Արևների այցը գրադարան եզրափակվեց կինոսրահում «Կախարդական լավաշ» հայկական մուլտֆիլմի դիտումով և քննարկումով: Արևները, նրանց ծնողներն ու հատուկ մանկավարժը շնորհակալություն հայտնեցին գրադարանի տնօրինությանը՝ հրավերի, ջերմ, ուսուցողական և ոգեշնչող օր պարգևելու համար:  Գրադարանի տնօրինությունը ևս շնորհակալ էր հրավերն ընդունելու և նախագծին մասնակցելու համար՝ նշելով, որ շարունակական կլինի իրենց համագործակությունը, քանի որ նման նախաձեռնությունները խթանում են ներառական կրթության և մշակույթի հասանելիության ընդլայնմանը՝ նպաստելով բոլոր երեխաների հավասար զարգացման հնարավորություններին:

 

Կարինե Սուգիկյան