Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևների գարնանային բաց դասը

Արևների գարնանային բաց դասը

Մայիսի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի միջին և ավագ խմբերի սաները հանդես եկան բաց դասով, որ կազմակերպել էր հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը: «Գարուն» խորագիրը կրող բաց դասը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բաց դասը, ինչպես նշեց հատուկ մանկավարժը, նպատակ ուներ արև երեխաների ծնողներին մասնակից դարձնել երեխաների ներառման գործընթացին:

Ազգային կոլորիտով զարդարուն ու կանաչապատ բակը արևներն ու նրանց ծնողները լիացրին իրենց անմիջական դերախաղով, երգով ու պարով: Փոքրիկ արևները ներկայացրին «Պոչատ աղվես» երաժշտական ներկայացումը, որի ընթացքում նրանց ծնողները հանդես եկան պարով: Մեծ էր արևների և ծնողների խանդավառությունը: Իսկ ավագ խմբի սաներն իրենց ծնողների հետ ասմունքեցին և երգեցին Հովհաննես Շիրազի «Թագադրում» և Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծությունները: Բարության և սիրո մթնոլորտում կայացած արևների հերթական բաց դասից բարություն ու սեր էր ճառագում:

«Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի միջին և ավագ խմբերի սաների ծնողներն իրենց ակտիվ մասնակցությունն էին բերել ոչ միայն ներկայացումներին, այլ նաև բեմական հագուստների պատրաստման աշխատանքներին:

Բաց դասին իր մասնակցությամբ արև Էլիզայի մայրիկը՝ Անժելան, իր մանկությունն էր հիշել և հուզվել. «Աղջիկս մեզ ավելի շատ ոգևորեց, քան մենք՝ իրեն: Երեխայի մի փոքրիկ արտասանությունը կամ խաղը մեզ մեծ ոգևորություն է պատճառում, քանի որ աղջկաս ծննդյան օրից բժիշկները բազմիցս առաջարկել են մեզ երեխայից հրաժարվել՝ ասելով, որ նման համախտանիշով երեխաները ոչ մի զարգացում չեն ունենում: Փառք Աստծու, «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի շնորհիվ մենք ամեն օր առաջընթաց ենք տեսնում մեր երեխաների մոտ: Ընկեր Զեմֆիրայի շնորհիվ բացահայտել ենք, որ Էլիզան ունի նաև դաշնամուր նվագելու ունակություն: Մեր առողջությունն են մեր արևները. նրանք ամեն օր մեզ դրական լիցքեր և ուրախություն են փոխանցում»:

 

Կարինե Սուգիկյան