Նոյեմբերի 9-ին «Արև երեխաներ» ՀԿ-ի սաներն ու նրանց ծնողները, ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի, հատուկ հոգեբան, մանկավարժ, վարքային թերապիստ Աննա Գևորգյանի և «Արև» թատրոնի գեղավեստական ղեկավար ու գլխավոր ռեժիսոր Արևիկ Յայլոյանի հետ միասին «Վարդանյան եղբայրներ կրկես»-ում ներկա գտնվեցին հետաքրքիր և անմոռանալի շոուի:
Արևներին մեծ ուրախություն պատճառեց զվարճալի շոուն. առաջին իսկ համարից փայլեցին նրանց աչքերը, նրանք մեծ ոգևորությամբ և ծափահարությամբ էին դիմավորում ծիծաղարժ ծաղրածուներին, ակրոբատներին, ուշադրությամբ և զարմանքով դիտում օդային մարմնամարզության ամեն մի համարին, առավել ևս՝ Վարդանյան եղբայրների սրերով համարին, պարանով քայլին, իսկ ջոնգլորների օդային շարժումները լուսային էֆեկտներով ոչ միայն գրավում էր երեխաների ուշադրությունը, այլ մարզում նրանց մի քանի բանի վրա կենտրոնանալու կարողությունը: Արևների համար հետաքրքիր էր դիտել նաև կրկեսային ֆրիսթայլը, երբ արտիստներն իրենց համարներում համադրում էին տարբեր ոճեր՝ ակրոբատիկա, պարի տարրեր, ջոնգլորություն, իմպրովիզացիաներ էին կատարում՝ իրենց շարժումները հարմարեցնելով երաժշտությանը կամ հանդիսատեսի արձագանքին:
Կրկեսի հեքիաթային և կախարդական մթնոլորտը յուրահատուկ հույզեր էր արթանացրել արևների մեջ, պարգևել ուրախություն ու ժպիտ, նպաստել, որ երեխաները հաղորդակցվեն, կիսվեն իրենց զգացմունքներով:
«Արևների կրկես այցելությունը ոչ միայն տոնական և հիշարժան օր էր իրենց համար, այլ կարևոր մի քայլ դեպի սոցիալական ներառում, դեպի ներառական հասարակություն, ուր բոլորն ընդունված ու գնահատված են, ուր բոլորն ունեն հավասար իրավունքներ և հնարավորություն՝ մասնակցելու հասարակական կյանքին»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան

Մեկնաբանությունները անջատված են։