Մայիսի 24-ին «Արև երեխաներ» ՀԿ-ի սաներն ու նրանց ծնողները «Արևի» թատրոնի գեղավեստական ղեկավար Արևիկ Յայլոյանի և «Արևային զանգակներ»-ի գեղարվեստական ղեկավար Մանուշ Հարությունյանի հետ միասին մասնակից դարձան «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը սիրո երգերով՝ Երևանում» խորագրով նախագծին՝ շրջագայելով երաժշտական ավտոբուսով Երևան քաղաքի կենտրոնում: Իր ձևաչափի մեջ նախադեպը չունեցող երաժշտական նախագիծը կյանքի էր կոչվել «Դարի Ղողանջ» բարեգործական հիմնադրամի առաջարկով, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի անմիջական մասնակցությամբ և «Երևան Սիթի» ընկերության մեկենասությամբ։
Երևանում հայտնի երկհարկանի ավտոբուսում արևները վայելեցին Շառլ Ազնավուրի ամենասիրված երգերը, սիրելի մայրաքաղաքին և սիրուն նվիրված երգերի շարանը Շառլ Ազնավուր քոլեջի «Երգեցողություն» և «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտություններում սովորող ուսանողների կատարումներով:
«Երաժշտական նախագծի մեկնարկը տրվել է մայիսի 1-ից և շարունակվելու է մինչև հունիսի 7-ը, այն բացառապես կրթական և ուսուցողական նպատակ ունի: Նախագծին մեր հրավերով տարբեր դպրոցներից բազմաթիվ աշակերտներ են մասնակցել և շատ էինք ցանկանում, որ նախագծի ուրախությանը նաև հաղորդակից լինեն արևները»,- ասաց նախագծի տեղեկատվականի և Շառլ Ազնավուր քոլեջի կարիերայի ուղղորդման ու տեղեկատվականի պատասխանատու Լիլիթ Եղիազարյանը:
Երևան քաղաքով երկու ժամ տևած շրջագայությունը մեծ ուրախություն պատճառեց արևներին. նրանք իրենց պարով, ջերմ և ուրախ տրամադրությամբ ավտոբուսը վերածել էին երաժշտական ուրախ ավտոբուսի, գրավել անցորդների ուշադրությունը, որոնց շռայլորեն բաշխում էին իրենց արևային ջերմ ողջույնները:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։