Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևների ուրախ Ծաղկազարդը

Արևների ուրախ Ծաղկազարդը

Արդեն մի քանի տարի է, ինչ հայ մանուկի համար Ծաղկազարդը օրհնություն ստանալու և ուրախ տոնախմբության մի օր է դարձել: Եվ յուրաքանչյուր մանկան այդ անկեղծ ուրախությունն ապրում է նաև նրա ընտանիքը: Մարտի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում այդ ուրախությունն ապրեցին նաև «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաներն ու նրանց ընտանիքները: Արև երեխաները Սուրբ Պատարագի ավարտին մասնակացեցին մանուկների օրհնության կարգին, ապա դիտեցին «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաների տոնական ելույթն ու մասնակից եղան այն բոլոր ստեղծագործական խաղերին, որ կազմակերպել էին եկեղեցու տիկնանց միությունը: Արևներին իրենց հետաքրքրաշարժ խաղերով ու համարներով մեծ ոգևորություն պատճառեցին «Բումբումիկ»-ի Վինկի ծաղրածուն ու աճպարարը: Երեխաների ուրախությունը կրկնապատկեց տոնական մեծ տորթը և նվերները՝ ձվիկներն ու հոգևոր մանկական գրականությունը: Ծաղկազարդի տոնն արև երեխաների օրն իրապես վերածել էր ուրախ տոնախմբության:

«Ուրախալի է տեսնել արևներին ու նրանց ընտանիքներին եկեղեցու սուրբ հարկից ներս՝ Աստծու տանը: Վաղ տարիքից երեխաներին եկեղեցի բերելով՝ ծնողները չեն սահմանափակում նրանց ազատությունը, այլ հակառակը, ցույց տալով փրկության ճանապարհը, նպաստում են, որ վաղ տարիքից երեխաների հոգին լիանա աստվածային շնորհներով, օրհնությամբ և հոգևոր ուրախությամբ: Հավատքը կրթության հիմքն է, եթե ցանկանում ենք, որ երեխայի մոտ քրիստոնեական աշխարհայացք ձևավորվի, ապա պետք է նրան եկեղեցի տանենք վաղ տարիքից՝ փորձելով սովորեցնել համբերություն, խոնարհություն… Երեխաներն իրենց հոգու մաքրությամբ առավել լավ են զգում Աստծուն, քան մեծահասակները: Այս նկատի ուներ Քրիստոս, երբ ասաց. «Եղեք երեխաների նման» (Մատթ. 18:3): Ծնողների առջև խնդիր է դրված՝ ամեն ջանք գործադրել, որպեսզի երեխան հասուն տարիքում ճիշտ և աստվածահաճո ընտրություն կատարի»,- ասաց Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

 

Կարինե Սուգիկյան