Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևների վարդավառյան բաց դասը

Արևների վարդավառյան բաց դասը

Հուլիսի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի ավագ խմբերի սաները հանդես եկան բաց դասով, որ կազմակերպել էր հատուկ հոգեբան-մանկավարժ Աննա Գևորգյանը: Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից Քրիստոսի Պայծառակերպությանը կամ Վարդավառին էր նվիրված բաց դասը, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրն, իր խոսքն ուղղելով ներկաներին, ասաց. «Հոգևոր մեծ ուրախություն ենք ապրում՝ տեսնելով մեր արևներին, որ պատրաստվում են տոնելու Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Արևներն ավելի մոտ են Պայծառակերպության տոնին, քանի որ Քրիստոս պայծառակերպվեց իբրև արդարության Արեգակ և այդ լույսի մեծ բաժինն ունեն մեր արևները: Թող Աստված օրհնի իրենց, հոգու և մարմնի առողջություն պարգևի և թող արևներն իրենց լույսով ու ջերմությամբ միշտ ջերմացնեն և լուսավորեն իրենց շրջապատող մարդկանց»:

Արևները մեծ ոգևորությամբ ներկայացրին տոնի պատմությունը: Այնուհետև վարդավառյան երգով հանդես եկան «Արևային զանգակներ»-ը. նրանց նվագակցությամբ խմբի գեղարվեստական ղեկավար Մանուշ Հարությունյանը կատարեց Կոմիտասի «Սոնա յար»-ը: Բաց դասն ամբողջացավ տոնի ժողովրդական սովորությամբ՝  իրար վրա ջուր ցողելով, ինչը մեծ ուրախություն պատճառեց արևներին: Բաց դասը նպատակ ուներ արև երեխաներին հաղորդ դարձնել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի պատմությանը, խորհրդին և ժողովրդական սովորությանը:

 

Կարինե Սուգիկյան