Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևների յուրահատուկ աշնանային բաց դասը

Արևների յուրահատուկ աշնանային բաց դասը

Նոյեմբերի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի հեռավար դասընթացներին մասնակից միջին և ավագ տարիքային խմբերի սաները հանդես եկան բաց դասով, որ կազմակերպել էր հատուկ հոգեբան, մանկավարժ, վարքային թերապիստ Աննա Գևորգյանը: Բաց դասը աշնան վերաբերյալ էր, որն ավելի տպավորիչ էր դարձել եկեղեցու բակի աշնանային այգու գողտրիկ անկյունում: Աշնան  գեղեցկությունն ու ոսկեգույն հեքիաթը արևները ներկայացրին փոքրիկ բանաստեղծություններով և գույնզգույն տերևներով պատրաստած ապլիկացիաներով: Արևները հայտնվել էին յուրահատուկ աշնանային աշխարհում՝ իրենց շուրջը տարածելով աշնան ոսկեգույն խաղաղությունը և ուրախությունը:

Նշենք, որ մինչ բաց դասը հատուկ մանկավարժը հեռավար դասընթացներին միջին և ավագ տարիքային խմբերի սաներին ծանոթացրել էր աշնան հիմնական առանձնահատկություններին՝ եղանակային փոփոխություններին, բերքահավաքին, տերևաթափին՝ երեխաների մոտ դաստիարակելով բնության հանդեպ սեր և հոգատար վերաբերմունք:

Բաց դասը եզրափակեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Դանիելյան)՝ իր գունեղ և ոգևորիչ կատարումներով ուրախություն պատճառելով ներկաներին:

Աշնան բազմերանգությունը ներկայացնող բաց դասը նպատակ ուներ երեխաների մեջ խորացնելու աշնան մասին գիտելիքները, խթանելու բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք և զարգացնելու խոսքային ակտիվությունը, բառապաշարը, դիտողական ու նկարագրական կարողությունները:

 

Կարինե Սուգիկյան