Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևներն այլևս տառաճանաչ են և գրաճանաչ

Արևներն այլևս տառաճանաչ են և գրաճանաչ

Հունիսի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում «Արև-երեխաներ» ՀԿ-ի միջին և ավագ խմբերի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ  «Մենք այլևս տառաճանաչ ենք» խորագիրը կրող կրթական բաց դաս, որ անցկացրեց ՀԿ-ի հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը: Երկու ամսվա օնլայն ուսուցման արդյունքում ՀԿ-ի տասնութ սան հատուկ մանկավարժի և ծնողների նվիրյալ աշխատանքի շնորհիվ ուսանել էին հայերեն այբուբենի տասներեք տառ: Նշենք, որ այս դասընթացին մասնակացել էին նաև Սյունիքի, Արմավիրի ու Լոռու մարզերում և Ռուսաստանում բնակվող արև երեխաներ: Ուսուցման ընթացքում Զեմֆիրա Հարությունյանը կիրառել էր իր կողմից կազմած նախաայբբենարանի ձեռնարկը, որ տարբերվում էր հայերենի այբուբենի մատուցման ավանդական ձևից և առանձնանում  ուսուցման իր արդյունավետ մեթոդներով:

Բաց դասին  արևներն իրենց ուսանած տառերով  բառեր ու նախադասություններ էին կարդում, իսկ ավագ խմբի երկու սան թեստային առաջադրանք էին կատարում՝  դուրս գրելով նախադասության տարբեր խոսքի մասեր և կազմելով բարդ բառեր ու բառակապակցություններ: «Վայբեր» հեռահաղորդակցության կապի միջոցով  Ռուսաստանից արև Աշխենը ևս միացավ բաց դասին՝ արևների հետ ուրախությամբ կիսելով իր ուսանածը: Նկատելի էր, որ այբուբենի ուսուցումը նպաստել էր արևների բառապաշարի հարստացմանը, տրա­մաբանական կարողությունների զարգաց­մա­նը և ճանաչողական գիտելիքների հարստացմանը: Բաց դասի ավարտին արևներն իրենց ուսանած տառերը գունազարդեցին և  փակցրին տառադարանի պաստառին: ««Արև-երեխաներ» ՀԿ-ի գործունեության շրջանակում մեր երազանքն իրականություն է դառնում. ուրախալի է տեսնել, թե ինչպես են երեխաները հարցեր տալիս, հարցերին պատասխանում, խմբային աշխատանքի մեջ մրցակցություն ցուցաբերում, տառաճանաչ և գրաճանաչ դառնում: ՀԿ մուտք գործած մեր փոքրիկ արևներն այլևս  տառաճանաչ և գրաճանաչ դառնալու ուղի ունեն անցնելու»,- ասաց Զեմֆիրա Հարությունյանը:

Կրթական բաց դասը եզրափակվեց ուխտագնացությամբ. արևներն ու նրանց ծնողները, ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ,  ուխտի մեկնեցին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Տեր Գրիգորն ասաց, որ արևների բաց դասի օրը պատահական զուգադիպությամբ համընկել էր Հոգեգալստյան տոնի հետ. «Մեր աղոթքն է, որ Ամենակալն Իր Սուրբ Հոգու շնորհներով զարդարի մեր արևներին, հայերենով կատարյալ խոսելու, կարդալու և հաղորդակցվելու շնորհ տա: Մեր երախտագիտությունն ենք հայտնում հատուկ մանկավաժ Զեմֆիրա Հարությանին՝ արևների կրթությանն ուղղված մեծ աշխատանքի և նվիրման համար»:

Սրբավայրում արևներին դիմավորեց և իր ողջույնի ու օրհնության խոսքն ասաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Տեր Հայրն արևներին ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը և նրանց նվիրեց Ս. Թարգմանիչների սրբապատկերներ: Ապա ուխտավորներն իրենց խոնարհումը բերեցին Ս. Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, իրենց ջերմագին աղոթքը հղեցին առ Աստված և ունկնդրեցին «Տեր ողորմեա» շարականը: Այնուհետև արևները եկեղեցուն կից Հայոց խաչքար-տառերի պուրակում հանդես եկան խաղաղության ֆլեշմոբով՝ թափահարելով իրենց կողմից պատրաստած խաղաղության խորհրդանիշ աղավնիները: Ֆլեշմոբի ավարտին «Լուսամփոփի պես աղջիկ» երգի երաժշտության ներքո արև Գրետան մենապարեց, իսկ տղաները երգեցին: Արևներին նաև ուրախություն պարգևեց տեսնել իրենց անունով եկեղեցու բակում տնկված առաջին եղևնին:

Նշենք,  որ արևների դեպի Օշական ուխտագնացության և հյուրասիրության ծախսերը հոգացել էին Մարտիրոս Բենգլյանն՝ ի հիշատակ Ռիտա Ավետիսյանի և Պերճ Մանուկյանն՝ ի հիշատակ հոր՝ Տիգրան Մանուկյանի: Այլևս տառաճանաչ և գրաճանաչ արևները ևս մեկ անգամ հաստատեցին, որ հակառակ կարծրատիպերի՝ իրենք կարող են հասնել շատ ավելիի:

 

Կարինե Սուգիկյան