Մայիսի 24-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արև» թատրոնի սաներն ու նրանց ծնողները թատրոնի գեղավեստական ղեկավար ու գլխավոր ռեժիսոր Արևիկ Յայլոյանի հետ միասին, «Արվեստը՝ զարգացման ուղի» ծրագրի շրջանակում, ՀԿ-ի կենտրոնում դիտեցին «Վայրի ռոբոտը» անիմացիոն մուլտֆիլմը: Մինչ մուլտֆիլմի դիտումը Արևիկ Յայլոյանը ներկայացրեց, որ «Վայրի ռոբոտը» նկարահանվել է Փիթեր Բրաունի համանուն բեսթսելեր գրքի հիման վրա՝ նշելով, որ գրքի և մուլտֆիլմի միջև կան տարբերություններ:
Էկրանին ծավալվող պատմությունը գրավել էր բոլորի ուշադրությունը: «Վայրի ռոբոտը» մուլտֆիլմը երեխաներին տեղափոխեց անմարդաբնակ, վայրի մի կղզի, որտեղ նավաբեկության հետևանքով հայտնվել էր Ռոուզ անունով ժամանակակից մի ռոբոտ, որ գոյատևելու համար պետք է լեզու գտներ կենդանիների հետ և հարմարվեր կղզու դժվարին պայմաններին: Խելացի մեքենան, որը նախատեսված էր մարդկանց օգնելու համար, ուսումնասիրում է կղզու տարածքը և փորձում գովազդել իր ծառայությունները կենդանիներին։ Պատմությունն ավելի հուզիչ է դառնում, երբ Ռոուզն իր արհեստական ինտելեկտի և սովորելու առաջադեմ կարողության շնորհիվ աստիճանաբար տիրապետում է կենդանիների լեզվին և նույնիսկ դառնում է որբ սագի խնամակալ մայրը: Երեխաները սրտատրոփ հետևում էին, թե ինչպես է անհոգի մեքենան սվորում սիրել, կարեկցել և պաշտպանել թույլերին, մայրական բնազդ դրսևորում, որպեսզի փրկի սագին՝ Բրայթբիլին, սովորեցնի նրան լողալ, թռչել և պատրաստի ձմեռային չուին: Մուլտֆիլմում Բրայթբիլին մյուս սագերը չեն ընդունում, անվանում են «տարօրինակ» կամ «տկար»։ Նշենք, որ սագի պատմությունը նույն «Անճոռնի ճուտիկ» մուլտֆիլմի պատմությունն է, մի փոքր այլ կերպով ներկայացրած և շատ հստակ ընդգծվում է, որ սագը առանձնահատուկ է: Սակայն հենց իր յուրահատկության, անսովոր դաստիարակության և համառության շնորհիվ նա դառնում է երամի փրկիչը։
Մուլտֆիլմի դիտման ավարտին քննարկման ընթացքում արևները և նրանց ծնողները կիսվեցին իրենց վառ տպավորություններով: Թատրոնի սաները նկատեցին և գնահատեցին Ռոուզի բարի լինելը, օգնելու պատրաստակամությունը՝ անկախ իր հանդեպ եղած վերաբերմուքից: Այնուհետև երեխաները բաժանվեցին երկու խմբի և փոքր էտյուդներ ներկայացրին: Արևներից Սարգիսը մի խմբի ռեժիսորն էր, իսկ Տիգրանը՝ մյուս խմբի: Սարգսի խումբը բեմադրեց, թե ինչպես է Ռոուզը փորձում բոլորին բացատրել, որ ինքը բարի է, որպեսզի իր հետ ընկերություն անեն, իսկ Տիգրանի խումբը բեմադրեց, թե ինչպես են Ռոուզը, աղվեսը և փորձառու բազեն սովորեցնում սագին թռչել: Երեխաներն արժանացան ծափահարությունների:
Ծնողների հետ քննարկման ընթացքում խոսվեց սովորելու կարևորության և կարողության մասին, թե ինչ է նշանակում ուրիշ լինել և ուրիշ լինելը խոչընդոտ չէ, ինչը մուլտֆիլմն օգնում է հասկանալ: Ծնողներին հուզել էր այն հատվածը, թե ինչպես է սագը, հաղթահարելով դժվարությունները, սովորում թռչել: Արևիկ Յայլոյանն անդրադարձավ պատկերացում ասվածին և թե ինչպես է հնարավոր այն վերափոխել, խոսեց նաև դիքորոշումների մասին և ծնողների հետ վարժանք անցկացրեց:
«Արև» թատրոնի գեղավեստական ղեկավար ու գլխավոր ռեժիսորն, անդրադառնալով մուլտֆիլմի դիտմանն ու քննարկմանը՝ մատնանշեց նման հանդիպումների կարևորությունն ու նպատակը՝ ասելով. ««Արվեստը՝ զարգացման ուղի» ծրագրի շրջանակում մենք շարունակում ենք ծանոթանալ ժամանակակից և ոչ ժամանակակից արվեստի նոր ստեղծագործություններին՝ ֆիլմերին, մուլտֆիլմերին՝ նպատակ ունենալով զարգացնել երեխաների աշխարհայացքը, սովորեցնել դիտել և քննարկել ֆիլմերը, մուլտֆիլմերը, կարծիք հայտնել: Ուրիշ լինելը «Վայրի ռոբոտը» մուլտֆիլմի սյուներից մեկն է: Ռոբոտն էլ է ուրիշ, մուլտֆիլմը ռոբոտացված աշխարհի մասին չէ, այն արտահայտչաձև է, որն ընդգրկում է բովանդակություն՝ նորը, անծանոթը բացահայտելու և դրան ադապտացվելու: Աշխարհը սովոր է ստանդարտ աչքով նայել և շատ դժվար է փոխել մոտեցումը, ընկալման ձևը, և մարդը միշտ պետք է համբերություն դրսևորի՝ դա հաղթահարելու համար: Մուլտֆիլմը շատ կարևոր ասելիքներ ունի, որոնցից մեկն այն է, որ կյանքը բովանդակ և հագեցած ապրելու համար, ցանկացած պարագայում կարելի է կենտրոնանալ և հենվել ուժեղ կողմերի վրա»:
Կարինե Սուգիկյան

Մեկնաբանությունները անջատված են։