Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևները դիտեցին «Մոխրոտը» հեքիաթային ներկայացումը

Արևները դիտեցին «Մոխրոտը» հեքիաթային ներկայացումը

Հոկտեմբերի 25-ին «Արև երեխաներ» ՀԿ-ն իր սաներին հերթական հաճելի անակնկալը մատուցեց. հեռավար դասընթացներին մասնակից միջին և ավագ տարիքային խմբերի սաներն ու նրանց ծնողները, ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և հատուկ հոգեբան, մանկավարժ, վարքային թերապիստ Աննա Գևորգյանի ուղեկցությամբ, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտեցին «Մոխրոտը» հեքիաթային ներկայացումը:

Մանկական գունեղ ներկայացման սցենարն արդեն ծանոթ էր արևներին. հատուկ մանկավարժ Աննա Գևորգյանը հեռավար դասընթացների ընթացքում երեխաներին պատմել էր «Մոխրոտը» հեքիաթը, իսկ ներկայացումն առիթ հանդիսացավ, որպեսզի մանկավարժը ամփոփի դասը: Արևները մեծ ոգևորությամբ դիտեցին իրենց սիրելի հեքիաթային ներկայացումը, որի ավարտին նույն ոգևորությամբ պատասխանեցին այն հարցերին, որ իրենց ուղղեց հատուկ մանկավարժը: Արևները պատմեցին, թե ով էր Մոխրոտը, ինչպիսին էին նրա խորթ քույրերը և թե ինչպես բարի ու աշխատասեր Մոխրոտն իր բարությամբ հաղթեց չարին ու երջանկացավ:

«Մոխրոտը» հեքիաթային ներկայացումը ևս մեկ անգամ հաստատեց, որ բարին միշտ հաղթում է և երջանկացնում, որ բարի խոսքն ու սիրտը շրջադարձային կարող են փոխել միջավայրն ու աշխարհը, իսկ չարի վերջը հայտնի է, այն վաղ թե ուշ պարտվում է: Բարոյական այս դասերն անչափ հոգեհարազատ էին արևներին, քանի որ նրանք այս աշխարհում բարության և ուրախության ճառագողներ են:

 

Կարինե Սուգիկյան