Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևները հաղորդ դարձան արցախյան մշակութային ժառանգությանը

Արևները հաղորդ դարձան արցախյան մշակութային ժառանգությանը

Հունիսի 30-ին  «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի ավագ տարիքային խմբի սաներն ու նրանց ծնողները Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում ներկա գտնվեցին «Արցախի բալիկներ» համույթի ելույթին: Երեկոյի ընթացքում մանկապատանեկան համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Հարությունյան) հանդես եկավ արցախյան ժողովրդական երգերով ու մեղեդիներով, որ կրում էր «Մեր գյուղը» խորագիրը:

«Արցախի բալիկներ»-ը ավանդական տարազներով հանդիսատեսին ներկայացրին արցախյան գյուղի կյանքը, նրա ավանդույթներն ու երգը՝ վերակենդանացնելով հայրենի օջախի ջերմությունն ու հիշողությունները: Արցախյան ժողովրդական  երգերը ներկաներին տեղափոխեցին գյուղական միջավայր, որ միայն բնակավայր չէ, այլ հայրենի հողի և ազգային մշակույթի խորհրդանիշ, ուր մարդիկ ստեղծագործում էին, աշխատում և պահպանում իրենց ինքնությունը:

Արցախյան բարբառով  հնչող կենսախինդ երգերը  ստիպեցին բոլորին ժպտալ ու ծափահարել: Երեկոն անցավ ջերմ մթնոլորտում, դահլիճում տիրում էր ուրախ և տոնական տրամադրություն: «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը ներկաներին հաղորդ դարձրեց արցախյան մշակութային ժառանգությանը:

 

Կարինե Սուգիկյան