Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևները հաղորդ դարձան գորգարվեստի գաղտնիքներին

Արևները հաղորդ դարձան գորգարվեստի գաղտնիքներին

Փետրվարի 26-ին «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամի հրավերով «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի ավագ խմբի սաները, ՀԿ-ի ատենապետ Ռուզան Թամրազյանի, հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանի և ծնողների ուղեկցությամբ, հյուրընկալվեցին հիմնադրամի կենտրոն՝ ծանոթանալու գորգարվեստի գաղտնիքներին:

Արևների համար անակնկալ չէր այցը, քանի որ ՀԿ-ի հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը, կրթական ծրագրի հիմք ունենալով ներառումը, երեխաներին ծանոթացրել էր այցելության նպատակին և պատրաստել փոքրիկ ծրագիր, որով հանդես եկան արևները: Արևներից Տիգրանն ու Սարգիսը ներկայացրին, թե ինչ է գորգը, ինչից են այն գործում: Այնուհետև գիտը երեխաներին ներկայացրեց գորգային մշակույթի մյուս գաղտնիքները: Արևները մասնակից դարձան բրդից թել պատրաստելու գործընթացին, ծանոթացան հումքի ստացման և մշակման գործիքներին, նաև թե ինչպես են մետաքսից թել պատրաստում, դազգահով գորգ գործում: Հայկական գորգագործության առանձնահատկություններին անդրադարձավ նաև հատուկ մանկավարժը:

Արև Մարատը հիմնադրամին նվիրեց իր կողմից գունազարդած զարդանախշեր և «Խաչեն-Ջրաբերդ» արծվագորգի տարբերակի էսքիզը, որի մակետին ծանոթացան արևները և այն համադրեցին գունազարդած էսքիզի հետ: Արևները «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամին նվիրեցին նաև ժողովրդական երգ ու պար՝ կատարելով լավաշի մասին երգը:

Հատուկ մանկավարժը նշեց, որ այցը համատեղ ու համագործակցային աշխատանք էր և լիարժեք ծառայեց իր նպատակին՝ կրթելով ոչ միայն երեխաներին, այլ նաև ծնողներին:

 

Կարինե Սուգիկյան