Նոյեմբերի 22-ին «Արև երեխաներ» ՀԿ-ն հյուրընկալել էր «Խարիսխ» շարժական թատրոնին: Արևները հնարավորություն ունեցան դիտելու Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթների հիման վրա բեմադրված մանկապատանեկան հեքիաթային «Սուտլիկ Բարեկենդանը» ներկայացումը (բեմադրիչ՝ թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գրիշա Մնոյան): Զվարճալի ներկայացումը ուսուցողական էր, այն արևներին փոխանցեց ոչ միայն բարեկենդանյան ուրախ մթնոլորտ, այլ կյանքի կարևոր դասեր: Նրանք ուշադիր հետևում էին հերոսների քայլերին, սուտլիկի հնարամտությանը, ծիծաղում նրանց արարքների վրա, զարմանում հեքիաթային արկածներից: Արևները սովորեցին, որ ճշմարտությունն ու ազնվությունը միշտ հաղթում են, իսկ սուտը որքան էլ փոքր լինի, ի վերջո բացահայտվում է: Միևնույն ժամանակ նրանք տեսան, որ ընկերությունն ու միմյանց օգնելու պատրաստակամությունը շատ կարևոր են կյանքում: Բեմում տոնական տրամադրություն էր, իսկ երեխաների դեմքին՝ ժպիտներ: Ներկայացումն ավարտվեց արևների բուռն ծափահարությամբ:
«Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց «Խարիսխ» շարժական թատրոնին՝ արևներին ուրախ օր, բարի հեքիաթ, խաղ ու ծիծաղ պարգևելու համար:
Կարինե Սուգիկյան

Մեկնաբանությունները անջատված են։