Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևները հայտնվել էին հայկական խորունկ հեքիաթային աշխարհում

Արևները հայտնվել էին հայկական խորունկ հեքիաթային աշխարհում

Մայիսի 17-ին «Հայ ժողովրդական հեքիաթներ» գրքի հավաքագրող, թարգմանչուհի և հայ բանահյուսության անկախ հետազոտող Նազելի Կարապետյանը հյուրընկալվել էր «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոն և հանդիպում ունեցել «Արև» թատրոնի սաների ու նրանց ծնողների հետ: Ջերմ մթնոլորտում անցավ հանդիպում-զրույցը, որի ընթացքում Նազելի Կարապետյանը երեխաներին պատմեց «Հազարան բլբուլ» հեքիաթը՝ միաժամանակ պրոեկտորով ներկայացնելով հեքիաթը ներկայացնող պատկերներ, քննարկելով, թե ինչ ուղի է անցել հերոսը, ինչպես հաղթահարել խոչընդոտները և հասել հաղթանակի: Զրույցի ընթացքում փուլ առ փուլ քննարկվեց նաև հերոսին բնութագրող հատկանիշները: Արևները հայտնվել էին հայկական խորունկ հեքիաթային աշխարհում, որտեղ բացահայտվում էր Հազարան բլբուլին բերելու գաղտնիքը, որի երգի միջոցով չորացած թագավորական այգին պետք է կրկին կանաչեր և ծաղկեր:

Այնուհետև արևները դիտեցին «Գիտեմ,գիտեմ», «Երազը» և «Խելքից խեղճը» մուլտֆիլմերը՝ նկարահանված համանուն հեքիաթների հիման վրա: Երեխաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին մուլտֆիլմերը, մասնակցեցին քննարկումներին և կիսվեցին իրենց տպավորություններով։ Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն երեխաների մշակութային դաստիարակության, հաղորդակցման և հասարակության մեջ ներառման համար։ Հանդիպման ավարտին Նազելի Կարապետյանը «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնին նվիրեց «Հայ ժողովրդական հեքիաթներ» գիրքը, որ ներառում է 19-21-րդ դարերի ընթացքում հավաքված երեսուներեք անգին հեքիաթներ՝ ընտրված ինչպես հայտնի, այնպես էլ մոռացված արժեքավոր պատմություններ Մեծ Հայքի բոլոր նահանգներից։

Կարինե Սուգիկյան