Երեխաների Պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Happy Way-Teach me to live» զարգացման կենտրոնը Կարեն Դեմիրճյանի թանգարանում լուսանկարիչ Նարեկ Արշակյանի հետ համատեղ նախաձեռնել էր «Ընդունիր ինձ առանց ԲԱՅՑԻ» խորագիրը կրող ֆոտո-ցուցահանդես՝ նվիրված հատուկ կարիքներով երեխաներին, ովքեր պարզապես ցանկանում են տեսնված և ընդունված լինել:
«Արև երեխաներ» ՀԿ-ի սաներն ու նրանց ծնողները, «Արևի» թատրոնի գեղավեստական ղեկավար Արևիկ Յայլոյանի և հատուկ հոգեբան, մանկավարժ, վարքային թերապիստ Աննա Գևորգյանի ուղեկցությամբ, ներկա գտնվեցին ֆոտո-ցուցահանդեսին: Բացման խոսքով հանդես եկավ «Happy Way-Teach me to live» զարգացման կենտրոնի համահիմնադիր, տնօրեն, հոգեբան, արտ-թերապևտ Նելլի Ալեքսանյանը, որ շնորհավորելով երեխաներին՝ ասաց. «Այսօր այն օրն է, որ ևս մեկ անգամ պետք է բարձրաձայնենք, որ երեխաների իրավունքները հավասար են: Այսօրը բոլոր երեխաների օրն է առանց ԵԹԵ-ների, առանց ԲԱՅՑ-երի: Մեր մեծ ցանկությունն է ձևավորել մի հասարակություն, որտեղ երեխաները ընդունված, գնահատված և սիրված կլինեն իրենց անհատականությամբ: Մենք հավատում ենք, որ տարբերությունները չեն բաժանում, այլ հարստացնում են մեզ բոլորիս»: Խոսքի ավարտին Նելլի Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հանդիսացան նախագծի շարժիչ ուժը:
Նշենք, որ Ֆոտոսեսիային մասնակցել էր «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը արևների հետ միասին՝ հանդես գալով հետևյալ կոչով՝ սիրե՛ք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի: Նախագծին երեխաների հետ իրենց մասնակցությունն էին բերել նաև այլ մասնագիտությունների անձինք, ովքեր ևս իրենց կոչերով հորդորեցին հանրությանը հավասար վերաբեմունք ցուցաբերել զարգացման մեջ առանձնահատկություններ ունեցող երեխաների նկատմամբ:
Ֆոտո-ցուցահանդեսին երեխաներին իրենց կատարումներով շնորհավորեցին լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի երգչախումբը գեղարվեստական ղեկավար Զուբեյդա Մելիքյանի գլխավորությամբ: Լռության մեջ ժեստերի լեզվով հնչած երգերն անկեղծ էին և հոգեպարար: Ներկաները նաև դիտեցին զարգացման կենտրոնի պարային համույթի կատարումները և ձեռք բերեցին երեխաների կողմից սիրով պատրաստված ծաղկամանները:
«Այսօր երեխաների համար կրկնակի տոն է՝ երկրոդ Ծաղկազարդը և Երեխաների Պաշտպանության միջազգային օրը: Մեծ սիրով շնորհավորում եմ երեխաներին, որ մեր ընտանիքների գլխավոր զարդն են, ուրախությունը և հարստությունը: Բոլոր երեխաներն անխտիր՝ թե՛ առողջները, թե՛ հիվանդները, թե՛ հաշմանդամներն ու սահմանափակ կարողություններով փոքրիկները, Տիրոջ սիրելի զավակներն են, և հատկապես վերջիններիս օգնությամբ է Քրիստոս սովորեցնում մեզ սիրել ու համբերել: Երկնավոր Ծնողը մեզ մեծ պատվի է արժանացրել՝ մեզ վստահելով Իր զավակների երկրային խնամքն ու ուրախությունը: Նա նաև երեխաների միջոցով Իր ունեցվածքի կառավարումը հանձնել է մեզ՝ ակնկալելով, որ հավատարիմ և իմաստուն տնտեսներ լինենք: Նա մեզ հանձնել է Իր մեծ այգու մատղաշ տնկիների խնամքն ու մշակումը, որպեսզի ջանասեր ու նվիրյալ մշակներ լինենք, Իր տված հարստությունը խելամտորեն տնօրինելով, բազմապատկած վերադարձնենք Իրեն»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։