Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևները թխում են հայկական ավանդական լավաշ

Արևները թխում են հայկական ավանդական լավաշ

Մայիսի 28-ին «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամի հրավերով «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի միջին և ավագ խմբերի սաները, ՀԿ-ի ատենապետ Ռուզան Թամրազյանի, հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանի և ծնողների ուղեկցությամբ, հյուրընկալվեցին հիմնադրամի կենտրոն՝ հայկական ավանդական հաց՝ լավաշ, թխելու:

Հյուրընկալ հարկից ներս ջերմ ընդունելությունն ու արևների ջերմությունը ոգևորել էր բոլորին: Իսկ արևների ուրախությունն ու ոգևորությունը կրկնապատկվեց, երբ նրանք մասնակից դարձան լավաշի թխման աշխատանքին: Արևներից յուրաքանչյուրը, խմորի գունդը գրտնակելով, ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է հացթուխը բարակ խմորի թերթը գցում ձվաձև փափուկ բարձի վրա և ինչպես է թոնրի տաք պատի վրա մի քանի րոպեի ընթացքում եփվում լավաշը: Սովորաբար լավաշի թխման ժամանակ հնչել են հատուկ երգեր, որոնցում գովերգվել է ավանդական հացի համը: Արևները ևս հացի մասին երգ էին կատարում և ժեստերով ներկայացնում հայկական ավանդական լավաշի պատրաստման ընթացքը, նրանք խմորից մարդուկներ ու արևներ էին պատրաստում: Արևների երգին հացթուխները յուրօրինակ կերպով էին միացել. նրանք լավաշը թխում էին երգի ռիթմին համապատասխան:

Լավաշի թխման հետաքրքիր ընթացքին մասնակից դառնալուց հետո արևները համտեսեցին իրենց կողմից պատրաստված անուշաբույր լավաշները: Ապա առաջին անգամ կատարեցին հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանի կողմից հեղինակած «Նաղաշի լավաշը» երգը՝ ազդարարելով, որ իրենք սերնուդն են հայ հողի, քույր, եղբայրը Նաղաշի և թող աշխարհը իմանա՝ հայը լավաշ է թխում: Արևների երգին պարով միացան իրենց ծնողները:

Արևներն իրենց շնորհակալությունը հայտնեցին «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հյուրընկալ հիմնադրամին ՝ ժեստերով կատարելով «Ախ ես ինչ լավ ես սարի վրա» երգը: Հատուկ մանկավարժը նշեց, որ հերթական այցը ևս ծառայեց իր նպատակին, քանի որ հերթական անգամ գործածվեց ՀԿ-ի կրթության առանցքը համարվող ներառումը:

 

Կարինե Սուգիկյան