Դեկտեմբերի 20-ին «Տաթև» գիտակրթական համալիրի «Մանանա» ուսումնական կենտրոնն ամանորյա նվեր մատուցեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնի և «Արևային զանգակներ»-ի սաներին: Ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ ու աջակցությամբ արևները կենտրոնում մասնակցեցին կավագործության և խոհարարության վարպետաց դասերին: Արևներին ուղեկցում էին ՀԿ-ի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, մանկավարժներ և ծնողներ: Արևները նախ հաղորդ դարձան կավագործության աշխարհին. մանկավարժն արևներին ներկայացրեց կավով աշխատելու հիմունքները: Այնուհետև արևները մանկավարժի օգնությամբ սկսեցին կավով աշխատել՝ զգալով կավն ու դրա առաձգականությունը: Արևները պատրաստեցին տոնածառի զարդարանքներ ու դեկորատիվ իրեր:
Մյուս հետաքրքիր աշխարհը, որ գրավեց արևներին, խոհանոցային աշխարհն էր: Նրանք մեծ սիրով և ոգևորությամբ պատրաստեցին ամանորյա խորհրդանիշը կրող քաղցրավենիքիներ, իսկ միասնական աշխատանքից հետո իրենց աշխատանքի քաղցր պտուղները իրենց հետ տուն տարան:
Քաղցր հյուրասիրությունից հետո կենտրոնն արևներին ամանորյա նվերներ շնորհեց։ «Մանանա» ուսումնական կենտրոնի ջերմ և հյուրընկալ հարկի ներքո արևներն անմոռանալի օր ապրեցին՝ մասնակից դառնալով ուսուցողական և հետաքրքրաշարժ վարպետաց դասերին: Հետաքրքիր և բացահայտումներով լի օրվա ավարտին Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց «Տաթև» գիտակրթական համալիրի «Մանանա» ուսումնական կենտրոնի տնօրեն Մաշա Մնացականյանին՝ արևներին ուրախ և անակնկալներով լի օր պարգևելու համար:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։