Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Աշխարհի ամենաարևային մարդկանց միջազգային օրը

Աշխարհի ամենաարևային մարդկանց միջազգային օրը

Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կայացավ «Արևի աշխարհ» երաժշտական  և «Տես աշխարհը՝ բոլորի աչքերով» սոցիալական տեսահոլովակների պրեմիերան ու համերգային ծրագիր:

Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված բարեգործական համերգին ներկա էին արև երեխաների աջակից բարեկամները:

Համերգը սկսվեց Նավասարդ Սրբազանի օրհնության ուղերձով, որ ընթերցեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Սրբազանի ուղերձը սուրբգրային հետևյալ խորագիրն էր կրում՝ Ձեր ամեն ինչը սիրով թող լինի (Ա Կորնթ. 16:14) . «Սիրելինե՛ր,

Ջերմորեն ողջունում ենք ամենքիդ և սիրով փոխանցում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնություններն ու բարեմաղթանքները՝ այս հոգենորոգ օրվա առիթով:

Աստված Իր պատկերով և նմանությամբ ստեղծեց մեզ և հորդորեց ավետարանական պատգամներով ապրել մեր երկրային կյանքը՝ թաթախուն սիրո և բարության գործերով: Քանզի բարիք գործելով, եղբայրասիրությամբ, մեկմեկու գթալով և աջակից լինելով միայն աներկբայորեն կկրենք մեզ վրա Տիրոջը նմանությունը՝ դառնալով Աստծո սիրելի որդիներ:

Տիրոջ համար թանկ ու սիրելի ենք ամենքս, առավելապես՝ երեխաները: Երբ Իր մոտ եկող մանուկներին հեռացնում էին, Հիսուս ասաց. «Թույլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. ԺԹ 14): Մանուկներին է խոստացված Երկնքի ժառանգորդները լինելու շնորհը նրանց անմիջականության, պարզության և անմեղության համար: Մանուկներին է տրված երկրի վրա առավել սիրված լինելու պատիվը. նրանք մեր կյանքի հրաշալիքներն են, քնքուշ ծաղիկները, որ հանապազ հոգածության և սիրո կարիք ունեն: Մենք ամեն օր անձանձիր աղոթում ենք նրանց պահպանության, երջանիկ ու անհոգ մանկության և խանդավառ օրերի համար:

Այսօր Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրն է: Մեր օրհնությունն ենք բերում «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն»-ի ղեկավար Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, աշխատակիցներին և բարերարներին, ովքեր անաչառապես հանձնառու եղան արևամանուկների հոգածության սուրբ առաքելությանը: Նրանք Սիրո և Գթասրտության որդեգիրներն են: Օրհնյալ զավակներն են Հայոց Սուրբ Եկեղեցու: «Կառչած մնանք մեր հավատքի նավին: Կայմը՝ Հավատքը, պինդ բռնենք, Հույսը՝ որպես առագաստ պարզենք, Սերը՝որպես ղեկ շարժենք և այսպես քայլենք առաջ, կողք կողքի, սիրտ սրտի, որպես մեկ ազգ, մեկ եկեղեցի» (ԳարեգինԱ):

Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ամենախնամ Աջը զորավիգ լինի մեզ, որպեսզի հաղթանակած դուրս գանք բազում փորձությունների միջից ու փառավորենք Բարեսեր Աստծուն այժմ և հավիտյաններում: Ամեն»:

Երեկոյի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկան հայկական էստրադայի սիրված ու ճանաչված երգչուհիներ  Սոֆի Մխեյանն ու Սոնա Ռուբենյանը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո): Այնուհետև հանդիսատեսը դիտեց «Արևի աշխարհ» երաժշտական տեսահոլովակը (խոսքի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, երաժշտության հեղինակ՝ Սուսաննա Հովհաննիսյանը, ռեժիսոր` Վահե Յան)՝ ևս մեկ անգամ առնչվելով արևների ջերմ աշխարհին, որից միայն սեր  ու անմիջականություն էր հորդում:

«Արև-երեխաներ» ՀԿ-ն Դաունի համախտանիշ ունեցող երեխաների մասին հանրությանն իրազեկում է նաև սոցիալական տեսահոլովակներով: Չորրորդ սոցիալական տեսահոլովակի պրեմիերան, որ կրում էր «Տես աշխարհը՝ բոլորի աչքերով» խորագիրը (ռեժիսոր Արամ Շահբազյան), վեր էր հանում արևների սոցիալականացման խնդիրը:

Երեկոն վարող Նազենի Հովհաննիսյանն անդրադարձ կատարեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի վեցամյա գործունեությանը՝ նշելով, որ ՀԿ-ն տարածաշրջանի միակ կազմակերպությունը լինելով՝ փորձում է լսելի դարձնել Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ձայնը հանրությանը և օգնել, որ հանրությունը հասկանա արևներին՝ կիրառելով համապարփակ մոտեցում:

Ներկաները, ծանոթանալով «Արև-երեխաներ» ՀԿ-ի գործունեությանը, տեղեկացան, որ վեց տարիների ընթացքում կենտրոնի ծառայություններից օգտվել է հարյուր ութսուն երեխա և օգտվել հետևյալ մասնագետների՝ էրգոթերապևտի, կինեզիոթերապևտի, լոգոպեդի, երաժշտական թերապևտի, հատուկ հոգեբան-մանկավարժի և հատուկ մանկավարժի անհատական ու խմբակային պարապմունքներից, ինչպես նաև մասնակցել է «Արևային զանգակներ» և «Արևի» թատրոնի խմբակային պարապմունքներին: Հատուկ մանկավարժի օնլայն խմբակային պարապմունքներին իրենց մասնակցությունն են բերել նաև մարզերի երեխաները։

Երեկոյի ընթացքում «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց արև երեխաների բոլոր աջակից բարեկամներին և նրանց փոխանցեց շնորհակալագրեր:

Երեկոն ևս մեկ անգամ հնարավորություն տվեց հանրությանը հիշելու Դաունի համախտանիշով մարդկանց ու նրանց հասարակությանն ինտեգրելու կարևորագույն խնդիրը: Աշխարհի վրա ապրող բոլոր մարդիկ երբեմն միմյանց աջակցության կարիքն ունեն, իսկ Դաունի համախտանիշով մարդիկ հանրության հատուկ ուշադրության, սիրո, կարեկցանքի և հարգանքի կարիքն  ունեն։ Հանրությունն արև երեխաներից շատ բան ունի ուսանելու, գլխավորը նրանց հետ աշխատելն է, նրանց հավատալը և անկեղծորեն ուրախանալը նրանց հաջողություններով: Նրանք իրենց կյանքով ուսացանում են սիրել միմյանց առանց որևէ հավակնությունների, գնահատել ամեն օրը, ուրախանալ նույնիսկ ամենափոքր հաղթանակներով, սիրել կյանքն իր ողջ բազմազանությամբ և պարզապես ապրել:

 

Կարինե Սուգիկյան