Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ «Տարբեր լինելը թերություն չէ» խորագրով համերգ-երեկո, որ վարեցին «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և կենտրոնի ծրագրերի համակարգող Լուիզա Գրիգորյանը: Օրն այս միավորել էր արև երեխաներին, նրանց ծնողներին, մասնագետներին և արևների բարեկամ ու աջակից շատ անձանց՝ ստեղծելով ջերմ և աջակցող մթնոլորտ: Համերգին ներկա էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Մինչ համերգը ներկաները դիտեցին «Արևային աչքեր» և «Հայրեր» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը (լուսանկարիչ՝ Էլլա Գաբրիելյան), որ մեծ հետաքրքրություն էր ստեղծել դիտողների շրջանակում՝ հնարավորություն տալով հաղորդ դառնալու արևային աչքերի ջերմությանը, անկեղծությանն ու անմիջականությանը, իսկ «Հայրեր» շարքից ճառագում էր հայրերի հոգատարությունն ու անսահման նվիրվածությունը հանդեպ իրենց արև զավակները: Լուսանկարների երկու շարքի վերաբերյալ Տեր Գրիգորը նշեց, որ «Հայրեր» խորագրով շարքը կոչ է անում հայրերին՝ հիշելու, որ սիրով լեցուն իրենց գործնական ներկայությունը արևների կյանքում նույնքան կարևոր է, որքան մայրերինը, երբեմն գուցե ավելի գոտեպնդող, ավելի ուժ տվող, ավելի հուսադրող. «Իսկ արևային աչքերը լեցուն են կյանքով, սիրով, լույսով և հավատով, որոնց միայն կարելի է ասել՝ ես տեսնում եմ քեզ և տեսնում եմ քո հոգու լույսը»:
Համերգ-երեկոն սկսվեց շնորհակալական խոսքով: Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան տնօրեն Գարեգին Սարգսյանին՝ միջոցառումը միասին իրականացնելու հանձնառության համար: Արևների ու նրանց ծնողների անունից Տեր Հայրը երախտագիտություն հայտնեց «Ամարյան» բարեգործական հիմնադրամին, որի շնորհիվ կենտրոնն արդեն նոր ու մշտական կեցավայր ունի, որի ստեղծման ընթացքի և արևների առօրյայի մասին ներկաները դիտեցին տեսանյութ:
Այնուհետև իր ելույթով ներկաներին ուրախություն պարգևեց «Արևային զանգակներ» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան)՝ հնչեցնելով Կոմիտասի «Ծիծեռնակ» և Կամիլ Սեն-Սանսի «Կարապը» գործերը:
Համերգ-երեկոյի ընթացքում կայացավ նաև երկու սոցիալական տեսահոլովակի՝ «Տարբեր լինելը թերություն չէ» և «Մի հրաժարվիր քո Արևից» պրեմիերան, որ նկարահանել էր ռեժիսոր Վահե Յանը: Սոցիալական տեսահոլավակները, շեշտելով ներառականության կարևորությունը, փորձեցին կոտրել կարծրատիպեր՝ հիմնական ուղերձներ հղելով հասարակությանը՝ նախ, որ տարբեր լինելը թերություն չէ, ինչը ներկայացվեց ձեռքի մատների օրինակով՝ մատնանշելով, որ բոլորն ունեն հավասար իրավունքներ ու հասարակության վերաբերմունքն է որոշում նրանց հնարավորությունները: Իսկ երկրորդ տեսահոլովակը կոչ էր անում ծնողներին և հասարակությանը չհրաժարվել արևներից, ընդունել և սիրել նրանց այնպիսին, ինչպիսին, որ կան՝ մատնանշելով, որ յուրաքանչյուր երեխա արժեքավոր է և Դաունի համախտանիշը հիվանդություն չէ, այլ առանձնահատկություն և որ սերն ու աջակցությունը կարող են փոխել կյանքի որակը:
Ողջ երեկոյի ընթացքում ներկաները վայելեցին դասական համերգ «Արևային զանգակներ»-ի կատարմամբ: Համույթի հետ միասին ելույթ ունեցան Արփինե Բաբայանը (տավիղ), Հայկուհի Հակոբյանը (ֆլեյտա) և Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
Համերգ-երեկոյի ավարտին արևներին շնորհավորեց և իր խոսքը ներկաներին ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ մասնավորապես ասաց. «Շատ հաճախ աշխարհի բովանդազուրկ աղմուկի մեջ աննկատ ենք թողնում կարևոր արժեքներ, որից մեկը աշխարհը կատարյալ դարձնող մարդկանց տարբերություններն ու առանձնահատկություններն են: Իրականում բոլորս միմյանցից տարբերվում ենք, ունենք առաձնահատկություններ, և կարևոր է, որ մեր տարբերությունների համատեքստում կարողանանք մշտապես միմյանց սեր ու ջերմություն տալ, հարգանք ունենալ միմյանց հանդեպ և համերաշխ լինել: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրն այստեղ զգաց շատ մեծ սեր, ջերմություն և համերաշխություն, ինչի համար շնորհակալ ենք մեր սիրելի արևներին, բոլոր նրանց, ովքեր աշխատում են արևների հետ և նաև նրանց, ովքեր այս գեղեցիկ միջոցառումը իրականություն դարձրին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Տեր Գրիգորին՝ անգնահատելի առաքելության համար, մի առաքելության, որ շատերի կյանքն է փոխել: Ներառականությունը առաջին հերթին սկսում է մեր վերաբերմունքից, որն արտահայտվում է մեր գործողություններով՝ ստեղծելով հավասար և բոլորիս ներգրավված ու համերաշխ միջավայր»:
Ապա Տեր Գրիգորը խորին երախտագիտություն հայտնեց արև երեխաների աջակից հիմնադրամներին, կազմակերպություններին, բարեկամներին և բոլոր նրանց, ովքեր մեծ հոգածություն ունեն «Արև-երեխաներ» ՀԿ-ի և արևների հանդեպ, առանց հոգնելու և վարանելու իրենց թանկ ժամանակն ու սերն են նվիրում արևներին: Շնորհակալական խոսքում Տեր Հայրը մասնավորաբար ասաց. «Հիշե՛նք, որ Տերը տարբեր կերպերով է գալիս մեզ մոտ. ուշադիր լինենք, որպեսզի ճանաչենք Տիրոջը և բաց չթողնենք Նրա հետ հանդիպումը: Շնորհակալություն ձեզ բոլորիդ, որ այսօր ու միշտ արևների կողքին եք»:
Կարինե Սուգիկյան

Մեկնաբանությունները անջատված են։