Հունվարի 24-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում, առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, տեղի ունեցավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի ավագ խմբի սաների խմբային բաց դասը, որն անցկացրեց ՀԿ-ի հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը: ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ «Ձմեռային հեքիաթը արևների աշխարհում» խորագիրը կրող բաց դասն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Արևները ներկաներին ողջունեցին «Արևներ» երգով, ապա տարվա եղանակները թվարկելուց հետո երգով նկարագրեցին բոլոր եղանակները՝ ձմեռը հատկապես: Դահլիճի մի հատվածում ձմեռային տեսարան էր, որի կենտրոնում գտնվող մշտադալար եղևնին դեռ զուրկ էր ձյան փաթիլներից, ինչը լրացրին արևները՝ ձմռան մասին բանաստեղծություններ արտասանելով: Բաց դասը հնարավորություն էր տվել արևներին իրենց շնորհներն արտահայտելու երգով, պարով ու ասմունքով: Արևներն իրենց ջերմ ընտանիքի միությունը ներկայացրին՝ շրջան կազմելով և ջերմ մաղթանքներ հղելով ներկաներին:
Արևներին անակնկալներ էին սպասում, որ պատրաստել էին Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Դանիել քահանա Բաղումյանը և երիտասարդաց միության անդամները. մանուկներին միացան «Զավզակ» ծաղրածուն և աճպարարը, որ իրենց խաղերով ու հետաքրքրաշարժ համարներով մեծ ուրախություն պարգևեցին երեխաներին՝ նրանց օրը դարձնելով անմոռաց: Հաջորդ անակնկալն արևների համար քաղցր հյուրասիրությունն էր:
Ուրախ ցերեկույթի ավարտին Տեր Գրիգորը ՀԿ-ի կենտրոնի և ծնողների անունից շնորհակալություն հայտնեց հատուկ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանին, որ իր նվիրյալ աշխատանքի շնորհիվ լուրջ և տեսանելի առաջընթացներ է արձանագրում արևների կյանքում, շնորհակալություն հայտնեց նաև Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Դանիելին և երիտասարդաց միությանը, որ արևների օրը հարստացրին ուրախ անակնկալներով: Այնուհետև Տեր Հայրը երեխաներին նվերներ հանձնեց:
Ձմեռային հեքիաթը արևների աշխարհում անցավ սիրո և չափազանց ջերմ մթնոլորտում, որ անմոռանալի ու ջերմ հուշեր նվիրեց արևներին, նրանց ծնողներին ու ներկաներին:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։