Ապրիլի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, արև երեխաները Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում մասնակից եղան «Լույսը Արևների համար» խորագիրը կրող համերգային միջոցառմանը: Ազատ ձևաչափով համերգային ծրագիրն արև երեխաների համար երգի անկաշկանդ ու ջերմ հարթակ էր ստեղծել: Մինչ միջոցառումը համերգային ծրագրերի բաժնի վարիչ և «Լույս» վոկալ հնգյակի անդամ Հասմիկ Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին՝ արև երեխաների մաքուր աշխարհի հետ երգի միջոցով հաղորդակցվելու հիանալի առիթի համար: Առաջին երգերը, որոնցով «Լույս» վոկալ հնգյակը հաղորդակցվեց արևների հետ, «Արի, իմ սոխակ» և «Կաքավի գովքը» երգերն էին, որոնք էլ երեխաները մեծ ոգևորությամբ սովորեցին և երգեցին երեկոյի ընթացքում: Արև երեխաների հետ երգում էին նրանց ծնողները: Կոմիտասյան յուրահատուկ միջավայրում «Լույս» վոկալ հնգյակը ներկայացրեց հայ ժողովրդի առօրյան ներկայացնող և նրանից ծնունդ առած երգերը: Երաժշտական երեկոն երեխաներին հաղորդ դարձրեց հայ ժողովրդական երգի հարուստ և բազմազան շերտերին: Այն հարցերին, թե ի՞նչ է ազգային երաժշտությունը և ի՞նչն է նյութ տալիս ազգային ժողովրդական երգերին, Կոմիտաս վարդապետը պատասխանել է. «Արդյո՞ք նրա հպարտ լեռները, խոր ձորերը, դաշտերը, բազմազան կլիման, պատմական հազար ու մի դեպքերն ու անցքերը, ժողովրդի ներքին և արտաքին կյանքը.- այո՛, այս բոլորը, բոլորը նյութ են կազմում ազգային երաժշտության, մի խոսքով՝ այն ամենը, ինչ ազդում է այդ ազգի զգայարանքների և մտքի վրա»։
Հայ երգի երեկոյի ավարտին Տեր Գրիգորը արև երեխաների և նրանց ծնողների անունից շնորհակալություն հայտնեց «Լույս» վոկալ հնգյակին՝ արև երեխաներին պարգևած ջերմ ու լուսավոր երեկոյի համար: «Առաջին անգամ հատուկ արևների համար ազատ ձևաչափի մեջ կազմակերպված այս միջոցառումը կհիշվի բոլորիս կողմից: Հարության տոն, լույսի տոն և «Լույս» վոկալ հնգյակի ելույթն արև երեխաների համար. համընկումների հետաքրքիր այս շղթան էլ որոշեց միջոցառման խորագիրը՝ «Լույսը Արևների համար»»,- ասաց Տեր Գրիգորը և «Լույս» վոկալ հնգյակին նվիրեց հարության խորհրդանիշ համարվող ձուն, «Պատարագամատույց» և աղոթագրքեր: Արև երեխաներից Սարգսի մայրն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց «Լույս» վոկալ հնգյակին և Տեր Գրիգորին՝ արև երեխաների համար առաջին անգամ կազմակերպված հաճելի և անմոռանալի երեկոյի համար:
Հայ ժողովրդական երգի երեկոն մեծ ոգևորություն և ուրախություն էր պատճառել արև երեխաներին, ովքեր հրաժեշտ տվեցին «Լույս» վոկալ հնգյակին՝ նորից հանդիպելու ակնկալիքով:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։