Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Հունիսմեկյան ուրախ և ջերմ նվերը արև երեխաներին

Հունիսմեկյան ուրախ և ջերմ նվերը արև երեխաներին

Հունիսմեկյան ջերմ ու արևային օրը կրկնակի էր ջերմացել տարվա ամենահիանալի ու ամենահին միջազգային տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Տոնական օրվա առթիվ նորաբաց «Վանա լիճ ռեզորտ» ռեստորանային համալիրն իր առաջին հյուրերին՝ «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաներին, տոնական օր և մի շարք ուրախ անակնկալներ պարգևեց:
Մինչ տոնական միջոցառումը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց «Վանա լիճ ռեզորտ» ռեստորանային համալիրի հիմնադիրներին՝ ամերիկաբնակ տեր և տիկին Սամվել Աղաջանյանին և Էդիտա Շիգանյանին, տնօրենին՝ Սյուզի Մանուկյանին՝ հրավերի և արևներին մատուցված ուրախ նվերի համար: Ապա Տեր Հայրն իր շնորհավորական խոսքն ուղղեց ծնողներին և երեխաներին:
Հյուրասիրությունից հետո արև երեխաները հայտնվեցին ժամանցային խաղերի, երգ ու պարի հետաքրքիր աշխարհում: Հեքիաթների հերոսները ջանք չէին խնայում՝ արևներին գունեղ ու անմոռանալի օր պարգևելու համար: Տոնախմբության վերջին անակնկալը արևների համար քաղցր անակնկալն էր՝ պաղպաղակը, որ նրանց մատուցեց արևների լավագույն բարեկամներից «Մարտին Սթար» ընկերությունը: Ներկաներն առատորեն վայելում էին արևների երջանիկ հայացքներից ճառագող անկեղծ սերն ու ժպիտը:
Բոլոր ժամանակներում երեխաները բարության, մաքրության և ճշմարտության լավագույն օրինակներն են հանդիսացել: Այս մասին Ս. Ղուկաս Ղրիմեցին ասել է. «Այն ամենը, ինչ մաքուր է, այն ամենը, ինչ պայծառ է, բարի և ճշմարիտ, որ տեսնում ենք երեխաների մեջ, մենք պետք է օրինակ դարձնենք ինքներս մեզ համար»:

 

Կարինե Սուգիկյան