Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Կինոմոսկվա»-ի նախատոնական  նվերը արև երեխաներին

«Կինոմոսկվա»-ի նախատոնական  նվերը արև երեխաներին

Մայիսի 28-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, «Կինոմոսկվա»-ն հաճելի նվեր մատուցեց արև երեխաներին. «Կարմիր» դահլիճում արևներն իրենց ծնողների և ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ միասին դիտեցին «Արքաների արքան» հարավկորեական անիմացիոն մուլտֆիլմը:

Անգլիացի նշանավոր գրող, վիպասան Չարլզ Դիքենսի «Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կյանքը» վեպի հիման վրա նկարահանած մուլտֆիլմը պատմում էր Դիքենսի, նրա որդու՝ Ուոլթերի և նրանց կատվի՝ Ուիլայի մասին, թե ինչպես էին նրանք խորասուզվել արքաների Արքա՝ Քրիստոսի կյանքի մեջ, և թե ինչպես էր տղան իր երևակայության շնորհիվ հայտնվել  հրաշքների հետաքրքրաշարժ աշխարհում: Քրիստոս փոքրիկին կարևորագույն պատգամներ էր հղում, որոնցից մեկը հետևյալն էր՝ եթե հավատում ես, կդառնաս ավելի ուժեղ, քան կաս:

Արևները մեծ հետաքրքրությամբ դիտեցին մուլտֆիլմը, որ կարճ ժամանակում ողջ աշխարհով մեկ հռչակ է ձեռք բերել և արժանացել դիտորդների գովեստներին ու դրական արձագանքներին: Մուլտֆիլմի ավարտին արև երեխաներն իրենց գնահատանքը ֆիլմի ստեղծողներին և «Կինոմոսկվա»-ին հայտնեցին սրտաբուխ և անկեղծ ուրախությամբ ու ջերմ ժպիտներով:

Չարլզ Դիքենսը «Արքաների արքան» մուլտֆիլմի միջոցով իր կարևորագույն ուղերձն է հղում աշխարհի բոլոր ընտանիքներին. «Այսօր ես պարզապես ցանկանում եմ ավելացնել այն խոր գիտակցումը, թե Ով էր Հիսուս Քրիստոս՝ Ով մնում է անփոփոխ մինչ այսօր և հավիտյան: Մեզ համար նա մեր փրկության համար մարդացած Աստված է՝ ծնված Կույս Մարիամից: Մենք պետք է ձգտենք էլ ավելի խորությամբ հասկանալու այն փրկագործությունը, որը Հիսուսը մինչև վերջ հասցրեց մեզ համար և թե ինչպես այն կատարվեց ու շարունակում է կատարվել սուրբ Հաղորդության միջոցով և ողջ աշխարհում սփռված Քրիստոսի եկեղեցու կյանքում»։

 

Կարինե Սուգիկյան