Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Մարտին Սթար» ՍՊԸ-ն ամանորյա հեքիաթ պարգևեց արևներին

«Մարտին Սթար» ՍՊԸ-ն ամանորյա հեքիաթ պարգևեց արևներին

Երեխաների համար ամանորյա հրաշքը սկիզբ է առնում տոնածառից, ամանորյա տոնախմբությունից, Ձմեռ Պապից և Ձյունանուշից. դեկտեմբերի 25-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի մեծ ընտանիքին հերթական անգամ ամանորյա հրաշք պարգևեց  ՀԿ-ի բարեկամ «Մարտին Սթար» ՍՊԸ-ն: Ուրախ տոնախմբությունը  ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը շնորհավորեց ներկաների Ամանորը և մաղթեց. «Թող Տիրոջ քաղցր ներկայությունն ու անհատնում սերը ուղեկից լինի ձեզ գալիք տարում և Տիրոջ անսպառ օրհնությունը լինի ձեր ընտանիքների գլխավոր նվերը: Հարստանաք Աստծով և այն ամենով, ինչ աստվածային է և աստվածահաճո, որպեսզի Աստծու մաքրամաքուր պատկերը կրող մեր արևները ապրեն սիրո և ջերմության մեջ՝ իրենց ներկայությամբ մեզ հիշեցնելով բարության, աստվածային սիրո և ուրախության մասին»:

Տոնական ջերմ մթնոլորտը, տոնական երաժշտությունը, լույսերով ողողված տոնածառը, երգն ու խաղերն ուրախությամբ էին պարուրել արևներին՝ ստեղծելով ամանորյա հեքիաթային աշխարհ:  Արևներին նախ սպասում էր տոնական սեղանն ու համեղ հյուրասիրությունը: Այնուհետև հեքիաթի հերոսները նրանց տեղափոխեցին խաղային աշխարհ: Հնարավոր չէ ներկայացնել այն ուրախությունը, որ ապրեցին արևները Ձմեռ Պապի և Ձյունանուշի գալուստով: Ջերմ ողջույներով և ժպիտներով նրանք դիմավորեցին շատ սպասելի հյուրերին: Ձմեռ Պապը շնորհավորեց բոլորի Ամանորը և երեխաներին փոխանցեց «Մարտին Սթար» ՍՊԸ-ի պատրաստած նվերները:

Տոնական երեկոյի ավարտին Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց «Մարտին Սթար» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Բաբոյանին՝ արևներին և նրանց ընտանիքի անդամներին մատուցած ամանորյա նվերների համար:

Օրը լի էր ջերմությամբ, սիրով և ժպիտներով. արևները տուն վերադարձան գեղեցիկ հիշողություններով՝ իրենց սրտերում պահելով հեքիաթային այս տոնը:

 

Կարինե Սուգիկյան