Հունիսի 8-ին մեկնարկեց «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության «Դաունի համախտանիշով երեխաների զարգացման կենտրոն» ծրագիրը, որի շրջանակներում «Երևան իմ սեր» հիմնադրամի դահլիճում ՀԿ-ի սաների ծնողները մասնակից եղան սեմինարների: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամների համատեղ աջակցությամբ:
Մինչ սեմինարը «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Սիրանուշ Կարապետյանին և մյուս բանախոսներին: Տեր Հայրը, կարևորելով «Արև-երեխաներ» ՀԿ-ի և ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի միջև համագործակցությունը, վստահորեն ասաց, որ համագործակցության արդյունքում, Դաունի համախտանիշով երեխաների զարգացման կենտրոն» ծրագրի շրջանակներում, արև երեխաների ծնողների համար նախատեսված մեկամսյա սեմինարների շարքը օգնելու է ծնողներին հաղթահարելու ինչպես հոգեբանական, այնպես էլ երեխաների դաստիարակության և կրթության հետ կապված մի շարք խնդիրներ՝ միաժամանակ խթանելով հատուկ մանկավարժների աշխատանքները՝ արև երեխաների հմտությունների և կարողությունների զարգացմանը, կրթությանն ու սոցիալականացմանն ուղղված:
Այնուհետև տիկին Սիրանուշը, ողջունելով ներկաներին, իր գնահատանքի խոսքն ուղղեց «Արև-երեխաներ» ՀԿ-ին՝ նշելով, որ ակնառու է այն հարթակը, որ միտված է արև երեխաների զարգացմանը և որի արդյունավետության հիմքն ընտանիքն է, իսկ սեմինարների ընթացքում ծնողներին աջակցելուց զատ նրանց միջոցով վեր կհանվեն առկա խնդիրները, որոնք նկատի առնելով՝ իրենց կողմից կպատրաստվի Դաունի համախտանիշով երեխաների զարգացմանն ու կրթությանը վերաբերող ձեռնարկ: Օրվա ընթացքում «Դաունի համախտանիշ ունեցող երեխաների խոսքի զարգացման առանձնահատկությունները» թեմայի շուրջ ծնողների հետ զրուցեցին տիկին Սիրանուշ Կարապետյանը և նույն ֆակուլտետի դեկանի ուսումնական գծով տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ, լոգոպեդ Արմինե Կիրակոսյանը: Զրույցի ընթացքում նրանք նշեցին, թե ընտանիքն ինչ կերպ պետք է աջակցի երեխային խոսքի զարգացման խնդիրները հաղթահարելիս, ինչպես պետք է մասնակցի լոգոպեդական աշխատանքին, որպեսզի երեխայի խոսքն արագ և ճիշտ զարգանա:
Արև երեխաների ծնողների համար հաջորդ սեմինարը վարեց ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի գիտության և միջազգային հարցերի գծով դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու Սվետլանա Մուրադյանը, ով անդրադարձավ ընտանիքում կրթադաստիարակչական գործընթացի վաղ կազմակերպմանը: Բանախոսը երկխոսության ձևաչափով վերհանեց այդ գործընթացի հետ կապված խնդիրները՝ հնարավորին չափ լուծում տալով դրանց: Սեմինարներն ընթացան ակտիվ քննարկումներով և երեխաների զարգացմանն ուղղված հարցադրումներով:
Սեմինարների շարքով սկիզբ դրվեց «Դաունի համախտանիշով երեխաների զարգացման կենտրոն» վեցամսյա ծրագրի մեկնարկը, որ նպատակ ունի նպաստելու Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացմանն ու սոցիալական միջավայրում հարմարվելու հմտությունների մշակմանը, կարողությունների և հնարավորությունների խթանմանը, նրանց կյանքի որակի բարելավմանը՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս դառնալու հասարակության լիարժեք անդամ:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։