Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

   Մեկնարկվեց «Արվեստը՝ զարգացման ուղի» ծրագիրը արև երեխաների համար

   Մեկնարկվեց «Արվեստը՝ զարգացման ուղի» ծրագիրը արև երեխաների համար

Մարտի 16-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնի սաներն ու նրանց ծնողները, «Արվեստը՝ զարգացման ուղի» ծրագրի շրջանակում, դիտեցին Քլայվ Սթեյփլս Լյուիսի «Նարնիայի քրոնիկոնը» ֆանտազիոն ժանրի յոթ վեպից բաղկացած պատումի երկրորդ վեպի՝ «Առյուծը, կախարդը և զգեստապահարան»-ի հիման վրա նկարահանած ֆիլմը: Երկու ժամ տևողությամբ ֆիլմը արևները մեծ հետաքրքրությամբ դիտեցին, ապա մեծ ոգևորությամբ քննարկեցին այն: Արև երեխաները դիտեցին մի ֆիլմ, որի հեղինակը հեքիաթի լեզվով ներկայացրել  էր մարդկության փրկությանը վերաբերող ավետարանական մեծագույն ճշմարտությունը:

«Արվեստը՝ զարգացման ուղի» ծրագրի նախաձեռնող «Արևի» թատրոնի գեղավեստական ղեկավար Արևիկ Յայլոյանն, անդրադառնալով ծրագրին, ասաց, որ այն նախաձեռնելիս հիմնվել է նեյրոկենսաբանության և հոգելեզվաբանության, ինչպես նաև գիտակցության տեսության բնագավառի խորհրդային և ռուս գիտնական, կենսաբանական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս (2023), ՌԴ գիտության վաստակավոր գործիչ(2010), Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, ճանաչողական հետազոտությունների լաբորատորիայի և բնական ու հումանիտար գիտությունների սերտաճման հիմնախնդիրների ամբիոնի վարիչ, ռուս ամենահայտնի ուղեղի հետազոտողներից մեկի՝ Տատյանա Չեռնիգովսկայայի հրապարակախոսությունների և բժշկության դոկտոր, հոգեբույժ, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի հոգեվերլուծական ուսուցման և հետազոտությունների կենտրոնի ու Տորոնտոյի համալսարանի հոգեբուժության ամբիոնի հոգեվերլուծաբան և հետազոտող Նորման Դոյջի «Ուղեղի ճկունությունը» գրքի հիման վրա: Վերջինս հեղափոխական հայացք է առաջարկել մարդու ուղեղի վերաբերյալ՝ ասելով, որ  մտքերը կարող են նույնիսկ ծերության ժամանակ փոխել մարդու ուղեղի կառուցվածքն ու գործառույթը:

Խոսելով ծրագրի նպատակի մասին՝ Արևիկ Յայլոյանն ասաց. «Արվեստը պահանջում է վերլուծություն և մեկնություն, ինչն էլ իր հերթին խթանում է քննադատական մտքի, Էսթետիկ ընկալման, էմոցիոնալ ինտելեկտի և վերլուծողական կարողությունների զարգացմանը: Ծրագրի մեկնարկն սկսեցինք այնպիսի ֆիլմի դիտումով, որ գրական հիմք ունի, քանի որ ֆիլմը դիտելուց և քննարկելուց զատ արևները հետփուլային աշխատելու են թե՛ ֆիլմի և թե՛ գրական գործի հետ՝ համեմատելով և տարբերություններ գտնելով ֆիլմի ու գրական հիմքի հերոսների միջև: Այս աշխատանքի միջոցով երեխաները սովորում են պատմել, քննարկել, խորությամբ վերլուծել նյութը, ուշադրություն դարձնել մանրուքներին և իրենց դիտած ֆիլմի մեջ իմաստ գտնել, այսինքն՝ երեխաների մոտ քննադատական միտք է ձևավորվում: Արդյունքում այս փուլային աշխատանքները կնպաստեն երեխաների ուղեղի աշխատանքի լավացմանն ու ճկունությանը: Հաջորդիվ երեխաները կդիտեն Քլայվ Սթեյփլս Լյուիսի «Նարնիայի քրոնիկոնը» պատումի «Արքայազն Կասպիան»-ի և «Լուսաբացի նվաճողը» վեպերի հիման վրա նկարահանած ֆիլմերը: Վստահ եմ, որ արվեստով լեցուն կյանքը մեր արևների համար զարգացման հրաշալի ուղի է դառնալու»:

 

Կարինե Սուգիկյան