Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Մեր արևները կարող են, մի քիչ դանդաղ, բայց կարող են»

«Մեր արևները կարող են, մի քիչ դանդաղ, բայց կարող են»

Սեպտեմբերի 21-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ն «Երևան իմ սեր» հիմնադրամի դահլիճում ՀԿ-ի սաների ծնողների համար, «Դաունի համախտանիշով երեխաների զարգացման կենտրոն» ծրագրի շրջանակում, կազմակերպել էր հանդիպում արև երեխայի ծնող Մարգարիտ Վարժապետյանի հետ, որ ժամանել էր ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքից: Մինչ հանդիպումը ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց տիկին Մարգարիտին՝ իրենց հյուրընկալելու համար: «Ամիսներ առաջ տիկին Մարգարիտը, «Արև-երեխաներ» ՀԿ-ի կողմից պատրաստած սոցիալական գովազդը տեսնելով, ցանկություն է հայտնել Հայաստան գալ ու ծանոթանալ «Արև-երեխաներ» ՀԿ-ի գործունեությանը և որպես արև զավակի ծնող՝ հավասարը հավասարի խորհրդատվություն տալ և իր փորձառությունը կիսել ՀԿ-ի սաների ծնողների հետ, քանի որ բոլորս գիտենք, թե ինչ կարևոր դեր ունեն ծնողները արև երեխաների կյանքում»,- ասաց Տեր Հայրը:

Տիկին Մարգարիտը ՀԿ-ի սաների ծնողներին ներկայացրեց, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգում պետական հովանավորության ներքո գործում է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող կազմակերպություն և մատնանշելով մի կարևոր հանգամանք՝ ասաց, որ կազմակերպության աշխատանքին զուգահեռ արև երեխայի լիարժեք զարգացման հարցում անչափ մեծ դեր ունեն ծնողները: Նա ծնողներին պատմեց իր անցած ուղին, որ ընթացել է դժվարությունները շարունակական պայքարով հաղթահարելու միջով: Նշենք, որ տիկին Մարգարիտն ունի մեկ դուստր և մեկ որդի: Նրա կրտսեր զավակը՝ Արամը (16 տ.), Դաունի համախտանիշ ունի: Երեխայի ծնունդից ի վեր տիկին Մարգարիտի մոտ երբեք չի նվազել այն համոզմունքը, որ իր զավակը կարողունակ է, ինչի արդյունքում նա ջանք ու եռանդ չի խնայել Արամի կարողությունների և հմտությունների զարգացման հարցում: Արամը հաճախել է մանկապարտեզ, նա իրենց քաղաքից առաջինն է, որ ուսանում է հանրակրթական դպրոցում, չորս տարեկանից ազգագրական պարի է հաճախում, ֆուտբոլի և թատրոնի խմբակների անդամ է, լողի է գնում, սիրում է դհոլ նվագել, բասկետբոլ խաղալ: «Առ այսօր չեմ մոռացել մի բժշկի խոսքը, որ ինձ ասաց՝ վերաբերվիր քո երեխային, ինչպես վերաբերվել ես քո մյուս զավակին, եթե մտածես, որ ինքը չի կարող, ապա երբեք չի կարողանա»,- ասաց տիկին Մարգարիտը:

Ներկայացնելով այն հաջողությունները, որոնց հասել է իր որդին, տիկին Մարգարիտն արև երեխաների առողջության հետ կապված նշեց այն կարևոր քայլերը, որոնց պետք է հետևեն ծնողները երեխայի ծնունդից ի վեր, նշեց նաև, թե ուսուցման արդյունավետության համար ինչ ծրագրերից կարող են օգտվել: Ծնողների մի շարք հարցերին պատասխանելով՝ տիկին Մարգարիտն ասաց, որ ինքը փորձելու է իրենց ՀԿ-ի ու բժիշկների և «Արև-երեխաներ» ՀԿ-ի միջև կապ հաստատել՝ հնարավորինս օգտակար լինելով Հայաստանում ապրող արև երեխաներին ու նրանց ծնողներին: Նա եզրափակեց իր ասելիքը՝ իր համար հավատամք դարձած հետևյալ խոսքով՝ «Մեր արևները կարող են, մի քիչ դանդաղ, բայց կարող են»:

 

Կարինե Սուգիկյան