Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Վանա լիճ ռեզորթ» ռեստորանային համալիրի ուրախ անակնկալը արևներին

«Վանա լիճ ռեզորթ» ռեստորանային համալիրի ուրախ անակնկալը արևներին

Հունիսի մեկը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ևս մեկ առիթ է հիշելու, որ աշխարհի բոլոր փոքրիկները արժանի են անսահման սիրո, ջերմության ու հավասար հնարավորությունների։ Այս տարի «Արև-երեխաներ» ՀԿ-ի սաներին հունիսմեկյան ուրախ անակնկալ մատուցեց «Վանա լիճ ռեզորթ» ռեստորանային համալիրը՝ պարգևելով  առանձնահատուկ և անմոռանալի պահերով լեցուն օր:

Մինչ տոնական միջոցառումը «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց «Վանա լիճ ռեզորթ» ռեստորանային համալիրի հիմնադիրներին՝ ամերիկաբնակ տեր և տիկին Սամվել Աղաջանյանին և Էդիտա Շիգանյանին, տնօրենին՝ Սյուզի Մանուկյանին՝ հրավերի և արևներին ուրախ անակնկալ մատուցելու համար: Ապա Տեր Հայրն իր շնորհավորական խոսքն ուղղեց ծնողներին և երեխաներին:

Ուրախ, գունեղ և համեղ անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին: Միջոցառման ընթացքում արևները բացի ակտիվ խաղերից մասնակից եղան թիմային մարզախաղերի՝ վոլեյբոլի և բասկետբոլի: Այնուհետև ուրախ երաժշտությունը համախմբեց արևներին պարի շուրջ՝ ստեղծելով տոնական և ջերմ մթնոլորտ։ Տոնական օրվա ավարտին արևների ուրախությունը կրկնապատկեց տոնական տորթը: Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ -ի սաները:

Հունիսմեկյան տոնը երեխաների  հիշողության  գանձարանը հարստացրեց ևս մեկ անգին և լուսավոր օրով: Նրանց ուրախությունը, անկեղծ ժպիտներն ու փայլող աչքերը դարձան օրվա ամենամեծ պարգևը ներկաների համար: «Վանա լիճ ռեզորթ»-ի նախաձեռնությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ բարությունն ու հոգատարությունը կարող են իրական տոն պարգևել երեխաներին և նրանց ընտանիքներին՝ լցնելով նրանց օրը ջերմությամբ ու անմոռանալի պահերով։ Աշխարհը փոխվում է դեպի լավը հենց այսպիսի բարի և հոգատար քայլերի շնորհիվ:

 

Կարինե Սուգիկյան