Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ուրախ ֆլեշմոբ՝ ամենաուրախ և արևային երեխաների համար

Ուրախ ֆլեշմոբ՝ ամենաուրախ և արևային երեխաների համար

Մարտի 21-ը Դաունի համախտանիշով ապրող մարդկանց միջազգային օրն է: Այս առիթով մարտի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունն «Արև-երեխաներ» ՀԿ-ի արև երեխաների համար ֆլեշմոբ էր կազմակերպել: Երիտասարդաց միության անդամները ֆլեշմոբը մեկնարկեցին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի մուտքի առջև, ուր արևները մարտի 26-ին կայանալիք «Արևային զանգակներ և ընկերներ» խորագրով համերգի հերթական փորձից էին դուրս գալիս: Երիտասարդները արևներին նվիրեցին դեղին փուչիկներ, որ նրանց խորհրդանշող գույնն է և միասին քայլեցին դեպի «Գրանդ Քենդի»-ի պոնչիկանոց: Գարնանային ցուրտ ու ձնառատ եղանակին անչափ ջերմ և ուրախ անցավ երիտասարդների ու արևների զբոսանքը: Ջերմ ու հաճելի մթնոլորտն իր շարունակությունն ունեցավ պոնչիկանոցում, որ հարստացել էր արևներից բխող սիրով, ուրախությամբ ու բարությամբ: Սեր ու բարություն ճառագող արևներն իրենց ներկայությամբ հիշեցնում էին այն կարևոր առաքինությունները՝ սերն ու բարությունը, որոնցից աղքատացել է մարդկությունը:
Երիտասարդների կողմից կազմակերպված ֆլեշմոբը նպատակ ուներ հասարակությանը ևս մեկ անգամ իրազեկելու Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց մասին և պայքարելու այն կարծրատիպերի, զարմացական ու խղճահարություն արտահայտող հայացքների դեմ, որ առկա են հասարակության մեջ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց հանդեպ:
Նշենք, որ Հայաստանում Դաունի համախտանիշ ունեցող մարդկանցով զբաղվող առաջին հասարակական կազմակերպությունը «Արև-երեխաներ» ՀԿ-ն է, որ  հիմնվել է հինգ տարի առաջ՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ: «Արև-երեխաներ» ՀԿ-ն նպատակ ունի նպաստել Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, բուժման որակի բարձրացմանը, նրանց ընդհանուր կարիքների բավարարմանը և հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրմանը։

 

Կարինե Սուգիկյան