Օգոստոսի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Գյումրու «Երեխաների տուն» մանկատուն: Այցի ընթացքում կազմակերպվեց մանկատան Դաունի համախտանիշ ունեցող քսանյոթ երեխաների բուժհետազոտություն: Երեխաները Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում անցան արյան ցիտոգենետիկական հետազոտություն, կարիոտիպ, հորմոնալ և արյան կլինիկական հետազոտություններ: Բուժհետազոտությունների ծախսերն այս անգամ հոգաց Հակոբյան ընտանիքը՝ ի հիշատակ իրենց հոր՝ Արտուշ Հակոբյանի ծննդյան 100-ամյակի առթիվ:
Տեր Գրիգորը նշեց, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան Դաունի համախտանիշ ունեցող երեխաները ևս, համայնքի և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի աջակցությամբ, բուժհետազոտությունից հետո կանցնեն վերականգնողական բուժական ընթացք:
Սուրբ Գիրքն ուսուցանում է. «Միմյանց համար աղոթք արեք» (Հակոբոս 5.16), և քանի որ Աստծո համար բոլորը կենդանի են (Մատթեոս 22.32), ուստի որքան կարևոր է ննջեցյալի հոգու փրկության համար աղոթելը, նույնքան էլ նրա համար ողորմություն անելը: Ոչ մի բարիք չի մոռացվում և չի կորչում, հատկապես ննջեցյալի համար կատարված աղոթքն ու ողորմածությունը: Հին ուխտի եկեղեցում սովորություն է եղել մահացածների հիշատակի համար հաց կտրել և աղքատներին բաժանել (Բ Օրենք 26:14; Երեմիա 16:7), հարազատների մահվան առիթով պահք պահել (Բ Թագ. 1:12): Աստվածաշնչյան կերպարներից Բոոսն էլ էր մեռելների և ողջերի համար ողորմություն անում (Հռութ 2:20):
«Որդյա՛կ, ըստ քո ունեցվածքի բարությո՛ւն արա և Տիրոջն արժանի զոհ մատուցիր: Ողորմության շնորհը թող բաշխվի բոլոր ողջերին, բայց և մեռածների համար մի՛ խնայիր շնորհներդ» (Սիր. 14:11; 7:37):
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։