Հուլիսի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնի սաներն ու նրանց ծնողները, «Արվեստը՝ զարգացման ուղի» ծրագրի շրջանակում, մասնակից եղան «Նարնիայի քրոնիկոնը» ֆանտազիոն ժանրի յոթ վեպից բաղկացած պատումի երկրորդ վեպի՝ «Առյուծը, կախարդը և զգեստապահարան»-ի հիման վրա նկարահանած ֆիլմի և համանուն գրքի հետ կապված աշխատանքների ավարտական փուլի ամփոփմանն ու քննարկմանը: Թատրոնի գեղավեստական ղեկավար Արևիկ Յայլոյանը ամփոփիչ հանդիպմանը մի շարք հարցեր ուղղեց երեխաներին, օրինակ՝ ի՞նչ տարբերություններ էին գտել ֆիլմի և գրքի միջև, ո՞ր հերոսին էին հավանել և ո՞ր հերոսին՝ ոչ և ինչո՞ւ, ավելի հետաքրքիր էր ֆիլմը դիտել, թե՞ գիրքն ընթերցել:
Թատրոնի գեղավեստական ղեկավարն անդրադարձավ թե՛ ֆիլմի և թե՛ գրքի կարևոր հատվածներին, որոնց վերաբերյալ քննարկում-վերլուծություն անցկացրեց: Քննարկմանը ներգրավված էին նաև ծնողները, զրույց անցկացվեց նաև ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին: Ծնողների համար հետաքրքիր էր լսել երեխայի զարգացման վերաբերյալ մեջբերումները Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի հոգեվերլուծական ուսուցման և հետազոտությունների կենտրոնի ու Տորոնտոյի համալսարանի հոգեբուժության ամբիոնի հոգեվերլուծաբան և հետազոտող Նորման Դոյջի «Ուղեղի ճկունությունը» գրքից:
«Արվեստը՝ զարգացման ուղի» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներն ամփոփելով՝ Արևիկ Յայլոյանը նշեց, որ զուգահեռաբար ֆիլմը դիտելը և գիրքն ընթերցելը խթանել է երեխաների հիշողությունը, քանի որ իրենք պետք է մտապահեին, թե ինչ են ընթերցել և դիտել, համեմատականներ անցկացնեին և վերլուծեին, ինչն էլ միաժամանակ զարգացրել է նրանց խոսքը, մտքի կառուցումն ու արտահայտումը, երկխոսությունն ու դիմացինին լսելու կարողությունը:
Բազմաթիվ գրական ստեղծագործությունների հիման վրա ֆիլմեր են նկարահանվել, և այն հարցին՝ գի՞րքը կարդալ, թե՞ ֆիլմը դիտել, շատերն ընտրում են ֆիլմը: Այնինչ «Արևի» թատրոնի սաներն իրենց գեղարվեստական ղեկավարի առաջնորդությամբ ընտրեցին այն ուղին, որ զարգացնում է: Ֆրանսիացի փիլիսոփա, մատերիալիստ, գրող և արվեստաբան Դենի Դիդրոն ասել է. «Մարդիկ դադարում են մտածել, երբ դադարում են ընթերցել»:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։