Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Զորավոր» երիտասարդաց միության ուրախ շնորհավորանքն արև դերասաններին

«Զորավոր» երիտասարդաց միության ուրախ շնորհավորանքն արև դերասաններին

Հունիսի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը Ս. Պատարագի ավարտին եկեղեցու երիցատան դահլիճում ուրախ անակնկալ մատուցեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնի դերասաններին: Երիտասարդներն արևներին դիմավորեցին արև փուչիկներով և ջերմագին շնորհավորանքներով: «Զորավոր» միությունն արև  դերասաններին շնորհավորեց՝ օրեր առաջ առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմում՝ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, «Բուրատինո» ներկայացման առաջնախաղով հանդես գալու առթիվ: Երիտասարդների կողմից արևների համար պատրաստած հյուրասիրության քաղցր սեղանի շուրջ ջերմ ու մտերմիկ զրույց ծավալվեց: Արև դերասանները կիսվեցին վերջին ներկայացման հետ կապված իրենց տպավորություններով: Զրույցի ընթացքում արև Մարատը մտահղացավ մի ներկայացման մասին, որի դերակատարները երիտասարդաց միության անդամներն էին: Նա անգամ դերաբաշխում կատարեց՝ մեծ ուրախություն պատճառելով երիտասարդներին: Ուրախ հանդիպման ավարտին «Արևի» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արևիկ Յայլոյանն իր, արև երեխաների, նրանց ծնողների և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի անունից շնորհակալություն հայտնեց «Զորավոր» երիտասարդաց միությանը՝ մշտապես արևների կողքին լինելու և ցանկացած հարցում աջակցելու համար:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի ջերմ հարկից ներս «Զորավոր» երիտասարդաց միությունը ևս մեկ տպավորիչ ու անմոռաց օր պարգևեց արևներին: Նշենք, որ արև երեխաները «Զորավոր» երիտասարդաց միության ուշադրության կենտրոնում են ողջ տարվա ընթացքում:

«Բավական չէ լինել, պետք է ճառագայթել, բավական չէ ունենալ, պետք է տալ: Աստված սեր է, այսինքն՝ ճառագայթում, բաշխում, ընծայում: Հիմա, ուրեմն, եթե կուզես կատարյալ լինել, ճշմարիտ, աստվածատիպ, աստվածառաք մարդ, գնա՛ կոտրի՛ր սրտիդ կապանքը և թող սերդ աղբյուր դառնա և հոսի դեպի քո նմանները»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը:

 

Կարինե Սուգիկյան