Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Սիրո անչափ մեծությունը

Եկեղեցին ապրում է և գործում նրանից ներս ձևավորված համայնքների շնորհիվ, որոնք առանձնահատուկ են՝ որպես Քրիստոսով միավորված միություններ: Քրիստոսի շուրջ համախմբված համայնքի անդամները ոչ միայն ճանաչում են միմյանց, այլ, պատրաստակամորեն, իրենց սիրո ծառայությունն են մատուցում միմյանց և կարիքի մեջ գտնվող մարդկանց: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծնկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը՝ հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով նրանց. «Դուք Ինձ «Վարդապետ» և «Տեր» եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե Ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես ձեզ արեցի» (Հովհ. 13:13-16):

Մարդը շատ հաճախ հայտնվում է եսասիրության մեղքի մեջ՝ միայն ու միայն իրեն նկատելով: Այնինչ, համայնքային կյանքից ներս հստակ է այն գիտակցությունը, որ Աստծուն ծառայելը սկսում է այն պահից, երբ մարդիկ նկատում են միմյանց, ուշադիր են և հոգատար:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ծրագրերի շրջանակներում: Եկեղեցու համայնքի անդամ Անդրանիկ Բաբոյանի համար ավանդույթ է դարձել ամեն տարի՝ Ս. Ծննդյան տոնին ընդառաջ, իր աջակցությունը բերել սոցիալական ծրագրին՝ տրամադրելով սննդամթերք (շաքարավազ (250 կգ), մակարոնեղեն (500 կգ) և ալյուր (1 տոննա)): Այս տարի այն բաշխվեց եկեղեցու աշխատակիցներին, համայնքի կարիքավոր անդամներին և Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ընտանիքներին:

Հովհաննես Երզնկացին ասել է՝ ո՞վ կարող է պատմել սիրո անչափ մեծությունը, քանզի անճառ է և անպատում. «Ինչպես անքննելի է աստվածության անեղ բնությունը, այնպես և սիրո բնությունը: Եթե մենք սիրենք միմյանց, ինչպես որ Աստված սիրեց մեզ, ոչինչ է չարը, որ խափանի մեր սերը: Ուր սեր է, այնտեղ երկյուղ չկա: Սերը ոչ միայն հավիտենական կյանքում է իր խաղաղության պտուղը բերում, այլև այս աշխարհում է հալածում ամենայն թշնամություն, նախանձ և ատելություն, ոխակալություն և չարակնություն, չարախոսություն և հայհոյություն, տրտունջ և բամբասանք, հպարտություն և ինքնահավանություն և, մանավանդ, բոլոր չարիքների մայր արծաթասիրությունը և ագահությունը: Սերը մարդկանց դարձնում է Աստծո որդիներ և Երկնքի Արքայության ժառանգորդ»:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.